Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել «Պետական տուրքի» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Դրանով կառավարությունն առաջարկում է ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ: Նախագծին դեմ է արտահայտվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Նրան հակադարձել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ ասելով, որ պետք է գնալ ոչ թե աշխատատեղեր փակելու, այլ նորերը ստեղծելու ուղղությամբ: ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաև հանքերի իրական սեփականատերերի բացահայտման մասին նախագծին:
Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանի կարծիքով՝ եթե վերաքննիչ քրեական դատարանը օրենքի սահմաններում գործեր, ապա Ռոբերտ Քոչարյանը երեկ պետք է ազատ արձակվեր: Ալումյանն այսօր ներկայացրել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքի և դրան հետևող զարգացումների մանրամասները: Նա հրաժարվել է բացահայտել պաշտպանական խմբի հետագա քայլերը, փոխարենը նոր մանրամասներ է հայտնել դատարանում` Քոչարյանի ունեցած ելույթից:
Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները կրկին պահանջել են տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Նրանց հիմա էլ զայրացրել է սպիտակ վագրի լեյկոզ ախտորոշումը, որը, նախկին աշխատակիցների խոսքով, չի համապատասխանում իրականությանը: Այգու անասնաբույժն ասել է, որ դա ընդամենը նախնական ախտորոշում էր, վերջերս սատկած զեբրն էլ թունավորվել էր: Անասնաբույժը կենդանիների անկումը համարում է բնական երևույթ. այս տարի 3 անկում է եղել: Ցուցարարներն ասել են, որ այսօր գնալու են Ազգային ժողով և իրենց բողոքի նամակը փոխանցեն երեք խմբակցություններին:
Մեղրիում զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի վթարի հետևանքով տուժածներից երկուսը շարունակում են ստացիոնար բուժումը Մեղրիի հիվանդանոցում, երկուսն էլ՝ Սիսիանի կայազորային հոսպիտալում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, ունեն վերջույթի կոտրվածք և սալջարդ: Երեկ Մեղրի-Ծիրանի ձոր ճանապարհին զինվորական մեքենայի շրջվելու հետևանքով տուժել էր 20 հոգի: Մեղավորին ու վթարի պատճառը պարզելու համար ընթանում է քննություն:
Այսօր «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցները հանդիպում են ունեցել տնօրինության հետ: ՊԵԿ-ի աշխատակիցների՝ երեքշաբթի օրն արած լայնածավալ գործողություններից հետո շուկայում առևտուրը գրեթե դադարել է: «Առինջ մոլի» տնօրեն Սամվել Հակոբյանը, որին Գագիկ Ծառուկյանը հանձնել է շուկայի հավատարմագրային կառավարումը, հայտարարել է, որ ինքը պետությունից ոչինչ չի թաքցրել և նշել է, որ ոչ ոք չի կարող խաղալ շուկայի անվան հետ: Տնօրինության հետ հանդիպումից հետո վաճառողները վերադարձել են տաղավարներ՝ հույսով, որ կկարողանան հանգիստ աշխատել:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv