Մարտունին երրորդ անգամ հյուրընկալել է նռան փառատոնը: Միայն 2019-ին Արցախում նռան այգիներն ավելացել են 900 հեկտարով, իսկ բերքի քանակը 2,5 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Արդեն հավաքվել է 2200 տոննա նուռ, նախատեսվում է հավաքել ևս մոտ 4000 տոննա, ինչը 2018-ի ցուցանիշը գերազանցում է 2.5 անգամ: Այսօր կազմակերպված նռան փառատոնին նաև նախագահ Բակո Սահակյանն է մասնակցել: Կազմակերպիչները հուսով են, որ միջոցառումը հարմար առիթ է գնորդին ներկայացնելու արցախյան նուռը, իհարկե, նաև միասին ուրախանալու:
Երևանի 2801-ամյակին նվիրված կարևոր քայլով է հանդես եկել քաղաքապետարանը: «Կարմիր բլուր» հնավայրում մոտ երկու շաբաթ է՝ մաքրման աշխատանքներ են տարվում: Գրեթե 3.5 տոննա շինաղբի մեծ մասը մաքրվել է. աշխատանքները դեռ շարունակվում են: Նախատեսվում է վերականգնել ուրարտական Թեյշեբա աստվածուհու քաղաքը՝ դարպասները, գինու պահոցները: Քաղաքապետի հետ հնավայրում շրջայց է արել նաև ռուսական հանրաճանաչ «Էրմիտաժ» թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:
«Կարմիր բլուր»-ում շրջայցից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա,մասնավորապես,անդրադարձել է այն քննադատություններին, թե «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների համար քաղաքապետարանն այս տարի ծախսել է ավելի շատ գումար, քան երբևէ ծախսվել էր նախորդ իշխանությունների օրոք: Մարությանը խոսել է նաև «Սանիթեք»-ի՝ արբիտրաժային դատարան դիմելու գործընթացի մասին: Հնավայրում Երևանի քաղաքապետին նաև ինքնատիպ անակնկալ են մատուցել, որին նա փորձել է ժպիտով պատասխանել:
Այսօր Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը: Տոնական միջոցառումներն արդեն մենարկել են, բայց հիմնական իրադարձությունները նախատեսված են ավելի ուշ։ Քաղաքի բոլոր վարչական շրջաններում հնչում են ամենատարբեր ոճերի ռիթմեր՝ ռոքից մինչև դասական և ազգագրական: Իզաբելլա Հովհաննիսյանն այցելել է Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններ և պարզել, թե ինչպես են երևանցիները նշում սիրելի քաղաքի տոնը:
Այս տարվա ապրիլին պետական եկամուտների կոմիտեի կառույցներում շրջայցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու համար: Կառավարության ղեկավարն այսօր այցելել է Գյումրի՝ ծանոթանալու արտաքին տնտեսական գոտու, այդ թվում` ավտոմաքսատան շինարարական աշխատանքների ընթացքին: Վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև պետական եկամուտների կոմիտեի` Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին, որտեղ քննարկվել են ՊԵԿ ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը: «Ստվերի դեմ պայքարում ունենք աննախադեպ հաջողություններ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv