«Խորհրդարանի արտահերթ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նման որոշման են հանգել նաև արտախորհրդարանական ուժերի և նախագահի հետ քննարկումների արդյունքում: Գործադիրի ներկայացուցիչներին հարցեր են ուղղվել նաև անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Վաղարշակ Հարությունյանը խոսել է բանակում իրականացվող բարեփոխումների և Գլխավոր շտաբում տիրող իրավիճակի մասին, իսկ Մհեր Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել ճանապարհների ապաշրջափակման գործընթացից:
Զատկի տոնին ընդառաջ ձվի շուկայում խառնաշփոթ է: Սպառողները խանութներում կամ ձու չեն գտնում, կամ, գտնելու դեպքում, ստիպված են լինում գնել բարձր գնով: Ձվի միջին գինն այս օրերին տատանվում է 80-100 դրամի սահմանում: Հակամոնոպոլ մարմնից «Էպիկենտրոն»-ին հայտնել են, որ այս պահին ոլորտում գործող ընկերություններին հարցումներ են ուղարկում, որի մասին հանրությանը կտեղեկացնեն արդյունքներն ամփոփելուն պես:
Պատերազմում հաշմանդամություն ստացած տղաներից մի քանիսը տևական դադարից հետո կրկին սկսել են ինքնուրույն քայլել: Նրանք Զինվորի տանը փորձարկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ձեռք բերված ժամանակակից պրոթեզները: Արտերկրից բերվել են նաև վերջույթներին փոխարինող սարքեր, որոնք ավելի են դյուրացնում տեղաշարժն ու պրոթեզները հնարավորինս մոտեցնում բնականին:
Տեսանյութը արցախյան պատերազմում քաջաբար զոհված Հրայր Եգանյանի մասին է: Երիտասարդ հերոսը մարտի 25-ին կդառնար 31 տարեկան: Հրայրը կամավորագրվել ու ռազմաճակատ էր մեկնել սեպտեմբերի 30-ին՝ տանը թողնելով երեխայի սպասող կնոջը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ԱԺ-ում ներողություն է խնդրել լրագրողական հանրույթից և լրագրող Փայլակ Ֆահրադյանից, որին օրեր առաջ հարվածել էր: Հակոբ Արշակյանը սկանդալային միջադեպի հետ կապված այլ հարցերի չի պատասխանել: Հիշեցնենք՝ նա մարտի 18-ին հարձակվել էր Փայլակ Ֆահրադյանի վրա այն բանից հետո, երբ լրագրողը մոտեցել էր նախարարին և փորձել պարզել, թե ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին գտնվում սրճարանում:
Հայաստանում ռազմական դրությունը վերացվել է: Խորհրդարանը կողմ է քվեարկել ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախագծին: Պատգամավորները երկրորդ անգամ քննարկել են Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Նախորդ նստաշրջանում ԲԴԽ նախագահի ու «Իմ քայլ»-ի միջև տեղի ունեցած սուր բանավեճից հետո իշխող խմբակցությունը որոշել էր չմասնակցել թեկնածուների քվեարկությանը: Երկրորդ փորձից թափուր պաշտոնում ընտրվել է Արսեն Մկրտչյանը: Իսկ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը լրագրողներին հայտնել է, որ Վենետիկի հանձնաժողովը որոշել է հրատապ ընթացակարգով քննարկել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv