Ավագանու նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանը իրականությանը չհամապատասխանող հայտարարություն է արել՝ նշելով, թե իբր Գագիկ Ծառուկյանի կողմից Կենդանաբանական այգուն նվիրաբերված եզակի ցեղատեսակի սպիտակ առյուծը սովորական աֆրիկյան առյուծ է: Նրան հակադարձել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Իսկ ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը տարակուսանք է հայտնել, թե այդ ինչու քաղաքական վերջին գործընթացներից հետո միայն պարզվեց, որ առյուծը լավը չէ:
Երևանի ավագանին այսօրվա նիստում ընդունել է շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառք և ծառայություններ մատուցելու վերաբերյալ նոր որոշում, որն ուժի մեջ է մտնելու 2021 թ.-ի հունվարի 1-ից: Քննարկվել են նաև օրակարգից դուրս հարցեր: Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը ուշադրություն է հրավիրել վերջին օրերին ավագանու անդամների տեղաշարժը սահմանափակելու և նրանց բերման ենթարկելու ոստիկանության գործելաոճի վրա: «Լույս» խմբակցության ղեկավարն էլ հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ինչից հետո ավագանու իշխող և ընդդիմադիր անդամները միմյանց հասցեին փոխադարձ վիրավորանքներ են հնչեցրել: Կոշտ լեզվակռիվ է տեղի ունեցել նաև Թեհմինա Վարդանյանի և Հայկ Մարությանի միջև:
Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել, որին ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան»-ը չի մասնակցել: Օրակարգում 12 հարց է, որոնցից մեկով պետությունը լրացուցիչ վարկային միջոցներ է ներգրավում համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար: Քննարկվել են նաև հարկային օրենսգրքի աղմկահարույց փոփոխությունները, որոնցով շեշտակիորեն աճում է անշարժ գույքի հարկը: «Լուսավոր Հայաստան»-ն այդ օրինագիծը համարել է խայտառակություն, որը մեծ հարված է հասցնելու պետությանն ու տնտեսությանը:
«Լուսավոր Հայաստան»-ը չի միանում Սահմանադրության փոփոխությունների սահմանադրականությունը որոշելու համար ՍԴ դիմելու ԲՀԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին: Էդմոն Մարուքյանն այսօր նշել է, որ բարձր դատարան կդիմեն միայն այն ժամանակ, երբ ՍԴ-ն ավարտած կլինի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը վստահություն է հայտնել, որ անգամ սահմանադրական փոփոխություններով իշխանությունը չի կարողանալու յուրայինների մեծամասնություն ունենալ, քանի որ նախագիծը տարածվում է ՍԴ ոչ թե 3, այլ 2 անդամի վրա:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Ինստագրամի պաշտոնական էջում իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին: «Զզվելի է տեսնել այն ամենը, ինչ կատարվում է այժմ Գագիկ Նիկոլաևիչի հետ»,- գրել է օլիմպիական փոխչեմպիոնը՝ նշելով, որ տեղի ունեցողը Ծառուկյանի հակառակորդների եսասիրական, վախկոտ պահվածքն է: