Կորոնավիրուսի տարածման պատճառով Տիգրան Ավինյանը որոշել է արգելել 16 երկրի քաղաքացիների մուտքը Հայաստան: Այդ երկրներն են Չինաստանը, Իրանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան,Գերմանիան,Շվեյցարիան, Դանիան, Ավստրիան, Բելգիան, Նորվեգիան, Շվեդիան, Նիդերլանդները և Միացյալ Թագավորությունը: Պարտադիր կարանտինային վայր կտեղափոխվեն միայն Իտալիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները: Մյուս 15 երկրներից վերադարձող քաղաքացիների դեպքում գործելու է 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմը: Ինչպե՞ս են աշխատում պետական գերատեսչությունները, ի՞նչ կարևոր որոշումներ են կայացրել և ի՞նչ կոչով են դիմել քաղաքացիներին:
Մինչև շաբաթվա վերջ նախարարությունը ձեռք կբերի կորոնավիրուսը հերքող կամ հաստատող թեստերի նոր խմբաքանակը, հայտնել է Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Առայժմ ձեռք է բերվել 5000 թեստ, գործընթացը կշարունակվի: Նանուշյանի խոսքով՝ մինչև այս պահը արվել է 700-ից ավելի թեստային ստուգում: Վարչապետի խոսնակն էլ պատասխանել է հարցին, թե ինչու՞ Փաշինյանի և վիրուսակրի հետ սննդի կետում գտնվող լրագրողները չթեստավորվեցին:
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում այսօր այս հարցն են քննարկել: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նաև անդրադարձել է Լարսի փակ լինելու հարցին՝ նշելով,որ բեռնափոխադրողները այս հարցով մտահոգ են: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն արձագանքել է, որ պատճառը բացառապես եղանակն է. ձնահոսքի վտանգ կա: Իսկ հանձնաժողովի նիստի օրակարգում «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն էր:
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով այսօր նշանակված դատական նիստը չի կայացել: Հայկ Ալումյանի խոսքով՝ պաշտպանական կողմին այդ մասին հեռախոսով են տեղեկացրել՝ նիստից ընդամենը մի քանի ժամ առաջ: 2-րդ նախագահի պաշտպանն ասել է, որ կապ է տեսնում դատավորի հիվանդության և Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար նախկին 4 վարչապետների անձնական երաշխավորության մասին միջնորդության միջև: Այդ միջնորդությունը պետք է ներկայացվեր այսօրվա դատական նիստին:
Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննել է Հանրապետության նախագահի դիմումը: Այն է՝ քննության առնել մի շարք օրենքների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Սահմանադրությամբ ուղիղ պահանջ է նախատեսված ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու կարգ սահմանելու վերաբերյալ, այնինչ այդ կարգը ՀՀ օրենքներում բացակայում է: Մասնավորապես, ըստ Սահմանադրության՝ ԲԴԽ 5 անդամներին, գլխավոր դատախազին, օմբուդսմենին և մի շարք այլ պաշտոնատար անձանց ընտրում է Ազգային ժողովը: Սահմանադրության մեկ այլ հոդվածով, եթե ԱԺ-ը սահմանված կարգով չի իրացնում իր լիազորությունը, հանրապետության նախագահը կարող է նշանակել պաշտոնակատար: Մինչդեռ սահմանադրության համապատասխան հոդվածներով նախատեսված չէ կարգ, որ հանրապետության նախագահը կարող է ժամանակավոր պաշտոնակատար նշանակել:
Կառավարությունը տեղեկացնում է, թե առաջիկա 1 ամսվա ընթացքում ինչ միջոցառումներ են կազմակերպվելու կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման և վերահսկման ուղղությամբ: Նախօրեին հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Հայաստանի ամբողջ տարածքում նախատեսվում են մի շարք սահմանափակումներ: Դրանք կապված են քաղաքացիների տեղաշարժման, հավաքների կազմակերպման, դասապրոցեսի անցկացման և այլ միջոցառումների հետ: Կարևոր է հիշել, որ արտակարգ դրության իրավական ռեժիմին չենթարկվելը հանգեցնում է վարչական պատասխանատվության:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv