Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Երևանի Զվարթնոց օդանավակայանից Վրաստանի կառավարության ղեկավարը ժամանել է Բաղրամյան 26, որտեղ նրան դիմավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Դիմավորման արարողությունից հետո կողմերն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը, տնտեսական, քաղաքական, հումանիտար մշակութային ու մի շարք այլ հարցեր: Վրաստանի վարչապետը նաև այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Երևանի ավտոբուս» ընկերության փոխադրամիջոցներն առավոտյան երթուղի դուրս չեն եկել: Վարորդներն ասել են, որ վառելիք չեն ունեցել: Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մատակարարման հետ կապված տեխնիկական խնդիր է եղել: Վառելիք մատակարարող ընկերությունն էլ կատարվածի մեջ մեղադրել է «Երևանի ավտոբուս»-ի ղեկավարությանը, պարզաբանելով, որ պայմանագրով նախատեսված պարտավորությունները չեն կատարել:
«Հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակի հաղթահարման համար ԱԺ արտահերթ ընտրությունն անկյունաքարային նշանակություն կարող է ունենալ»,- այս համոզմանն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահը: Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ ընտրություններն անցնելու են լարված մթնոլորտում, իսկ ապագա խորհրդարանը չի կառավարելու ամբողջ մանդատով:
«Սյունիքում տեղի ունեցած դեպքերը կրում են պրովոկացիոն բնույթ»,- խորհրդարանում հայատարերել է Պետաիրավական հանձնաժողովի նախագահը: Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի խոսքով էլ՝ առավոտից մամուլում տարածվող լուրերը ուռճացված են, սակայն հիմա գնում է լարվածության հետ կապված խնդիրների լուծման և հստակեցման պրոցես: «Բանակցությունների փուլում ենք, և համոզված եմ, որ սա ավարտվելու է հանգուցալուծմամբ»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը: Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի համոզմամբ էլ՝ սյունեցու անվտանգությունն առհասարակ ապահովված չէ:
ՊՆ-ն և ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարել են, որ Սյունիքի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ադրբեջանական զինուժը փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել սահմանային հատվածներից մեկում, սակայն դրանք դադարել են հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո: Գորիսի փոխքաղաքապետն ու Վերիշենի գյուղապետն էլ «Էպիկենտրոն»-ին ասել են, որ Իշխանասարի հատվածում թշնամին անցել է պետական սահմանը և երեք կիլոմետր առաջ եկել:Ադրբեջանը դիրքավորման աշխատանքներ է սկսել նաև Գեղարքունիքի հետ սահմանին՝ իր տարածքում: Պատճառն ըստ մարզպետի՝ եղանակն է:
«Էպիկենտրոն»-ի հետ հեռախոսազրույցում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը և Վերիշենի գյուղապետ Արարատ Օրդյանը հայտնել են, որ Իշխանասարի հատվածում թշնամին անցել է պետական սահմանը և երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր: Տարածքում ադրբեջանական բանակը նաև մեծ թվով զորք է կուտակել: Փոխքաղաքապետի խոսքով՝ վիճակը լարված է ու մտահոգիչ:
ԱԱԾ-ն ավարտել է բարձրաստիճան զինվորականի մասնակցությամբ պետական դավաճանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Անձը,որի անունը, չի հրապարակվում, Վրաստանում հավաքագրվել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների կողմից և փողի դիմաց հանցավոր գործունեություն իրականացնել՝ ի վնաս Հայաստանի և Արցախի: Բարձրաստիճան սպան հավաքել է պետական գաղտնիք հանդիսացող կարևոր տվյալներ և դրանք փոխանցել թշնամուն: Զինվորականը կալանավորված է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv