Այսօր Երևան է ժամանել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղարը: Ժան Բատիստ Լըմուանը երկօրյա աշխատանքային այցի ընթացքում կհանդիպի Հայաստանի իշխանությունների հետ: Այսօր պետքարտուղարն այցելել է Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակ: Լրագրողների հետ հանդիպմանը Ժան Բատիստ Լըմուանն անդրադարձել է Բաքու կատարած այցին և Ալիևի հետ հանդիպմանը:
Իրանը ցանկանում է ներգրավվել արցախյան հակամարտության կարգավորման և խաղաղապահ առաքելության մեջ: Այսպես են փորձագետները մեկնաբանում Մոհամմադ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային այցերը: Իրանագետների համոզմամբ՝ Թուրքիայի ազդեցության ավելացումը տարածաշրջանում սպառնում է Իրանի ազգային անվտանգությանը: Մասնագետները չեն բացառում նաև Հայաստան-Ռուսաստան-Իրան հակաահաբեկչական կոալիցիայի ձևավորումը:
Դեռևս դեկտեմբերի 7-ին քաղաքական նորամուտը հայտարարած Արտակ Թովմասյանն այսօր առաջին ասուլիսն է տվել լրատվամիջոցներին: «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիրը հայտարարել է՝ քաղաքական ասպարեզ է գալիս երկրում ստեղծված իրավիճակը շտկելու նպատակով: Նա կոչ է արել իշխանությանը հրաժարական տալ՝ նշելով, որ պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, անցկացվեն թափանցիկ ընտրություններ: Թովմասյանը նաև հայտարարել է՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հավակնություն երբեք չի ունեցել, սակայն նաև անհրաժեշտության դեպքում չի բացառել առաջադրվելու հավանականությունը:
Կառավարության նիստին զուգահեռ բողոքի ակցիա են անցկացրել անհետ կորածների ծնողներն ու հարազատները: Նրանք պահանջել են վերադարձնել իրենց որդիներին: Անհետ կորածների ծնողները հայտարարել են, որ կմնան այնքան, մինչև չհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետի հետ հանդիպում, սակայն, այդպես էլ տեղի չի ունեցել, մոտ 5 ժամ սպասեցնելուց հետո նրանց լսել է Փաշինյանի օգնականը:
Երեկ տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստ, որը վարել է Վազգեն Մանուկյանը: Քննարկվել են մարզերում հանդիպումներն առավել ինտենսիվ դարձնելու անհրաժեշտությունը, փետրվարի 18-ին կազմակերպվելիք համապետական հանրահավաքի կազմակերպչական հարցերը: Անդրադառնալով Փաշինյանի առաջ քաշած խորհրդարանի արտահերթ ընտրությունների գաղափարին՝ խորհուրդն արձանագրել է, որ բոլոր առումներով ձախողումներ արձանագրած և երկիրը կործանման եզրին հասցրած իշխանության հետ հույս կապել չի կարելի: «Հնարավորինս սեղմ ժամկետներում իշխանության փոփոխությունը և ժողովրդի կողմից նոր որակի իշխանության ձևավորումը հնարավոր է միայն ազատ, արդար և մրցակցային ընտրությունների միջոցով»,- նշել է խորհուրդը՝ անհրաժեշտ համարելով բեկումնային և անհապաղ փոփոխությունների իրականացումը մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը:
Մոհամմադ Ջավադ Զարիֆն առանձնազրույց է ունեցել Արա Այվազյանի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Այվազյանն անդրադարձել է տարածաշրջանում առկա նոր մարտահրավերներին՝ նշելով, որ դրանք ստեղծվել են արցախյան հակամարտությունն ուժով լուծելու՝ Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: «Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար»,- ընդգծել է մեր երկրի արտգործնախարարը: Կարևոր համարելով բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը՝ Զարիֆն ընդգծել է, որ Իրանի կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է: Իրանցի դիվանագետն իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում ահաբեկիչների ու գրոհայինների ներկայությունից:
Ռուսաստանը բացում է օդային սահմանները Հայաստանի համար: Այդ երկիր մեկնելու համար պետք է հեռախոսում ունենալ «Ճանապարհորդում եմ առանց Կովիդ-19»-ի հավելվածը, նույնականացնել անձնագիրը, ծրագրում նշված լաբորատորիաներից մեկում թեստ հանձնել: Բացասական արդյունքի դեպքում միայն կթույլատրվի մեկնել: Ծրագիրը պիլոտային է, մեկնարկում է փետրվարի 1-ին: Ապրիլի 15-ից սկսած էլ պետությունը պատերազմում վիրավորված զինծառայողներին հատուցելու է միանվագ օգնություն՝ 500 հազար դրամի չափով: Կառավարության նիստի մանրամասները՝ առաջարկվող տեսանյութում:
Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահն ամփոփել է հեռուստաընկերությունների մայրաքաղաքային և հանրապետական սփռման մրցույթի արդյունքները: Ըստ Տիգրան Հակոբյանի՝ մրցույթն անցկացվել է թափանցիկ և արդար, լիցենզիա ստացել են առավել ուժեղ, մրցունակ ու լավ ծրագիր ներկայացրած մասնակիցները: Անդրադառնալով լիցենզիա չստացած «A1+»-ին և «Հ2»-ին՝ Հակոբյանը նշել է, որ նրանք չեն հաղթահարել հանրապետական սփռման մինիմալ շեմը և հրաժարվել են մասնակցել մայրաքաղաքային սլոթերի բաշխմանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv