Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի տարբեր ակցիաներ էին: Իրենց դժգոհություններն են բարձրաձայնել Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները, «Ո՛չ վարկային թալանին» նախաձեռնության անդամները, հագուստի և կոշիկի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողները: Վերջինները համավարակի պայմաններում հարկային բեռի ավելացումը համարել են աբսուրդ: Ակցիաների մասնակիցները ժամեր շարունակ պահանջել են վարչապետի հետ հանդիպում, սակայն կառավարությունից այդպես էլ ոչ ոք նրանց չի հանդիպել: Փոխարենը քաղաքացիներին լսել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվում է մանդատից: Համաձայն նրա ֆեյսբուքյան գրառման ՝ պատճառը ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած անհամաձայնություններն են: «Իմ քայլը»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հրաժարվել է մեկնաբանել Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու փաստը, փոխարենը որոշ փակագծեր է բացել Սոֆյա Հովսեփյանը: Նա նաև նշել է, որ Ջուլֆալակյանն իրենց թիմից միակը չէ, որ խնդիրներ ունի ԿԳՄՍ նախարարության հետ: Բացի այդ, այսօր հայտնի է դարձել, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 16-ի լիագումար նիստում պահանջելու է Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով կառավարության շենքի մոտ հացադուլ է հայտարարել երիտասարդ գրող Մինաս Մարտիրոսյանը: Նա հայտարարել է, որ չի դադարեցնելու հացադուլը, մինչև նախարարը չթողնի պաշտոնը: Ժամանակակից գրողը կրթության նոր չափորոշիչները համարել է թուրքահաճո ծրագիր, որով, ըստ նրա, ոտնահարվում են հայ ժողովրդի ազգային արժեքները:
HAY-AT JAZZ .Հայը՝ ջազում, ջազը՝ բակում: Առցանց փառատոնը ջազային մեղեդիներով է լցրել մշակութային քաղաքի թանգարանային բակերը: Միջոցառումը Գյումրիում կազմակերպվում է արդեն 3-րդ անգամ: Համավարակով պայմանավորված՝ այս տարի ջազի սիրահարները միջոցառման մասնակիցն են դարձել առցանց հարթակում:
«Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանն իրեն աշխատանքից ազատելու որոշումն անօրինական է համարում: Որոշման համաձայն՝ սահմանված հարկերը, ՊՈԱԿ-ի տնօրենի գործողությունների հետևանքով, ժամանակին չեն վճարվել: Վիրաբյանի խոսքով՝ օրենքով սահմանված է, որ ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ վճարեն, սակայն բյուջեով այդ գումարը պետությունը սկսել է տրամադրել 2019 թվականի բյուջեից: Փաստաբան Տիգրան Գրիգորյանն էլ հայտնել է, որ նախարարի հրամանը պատրաստվում են վիճարկել դատարանում:
«Մենք ուզում ենք դպրոցները բացենք ու չփակենք». գործադիրի հերթական նիստի ժամանակ կառավարության այս մոտեցման մասին է բարձրաձայնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրել է, որ ընդունվող հակահամաճարակային որոշումները կիրառում, պահպանում են նաև կառավարության անդամները: «Մեր երեխաները ո՛չ դպրոցներում, ո՛չ մանկապարտեզներում արտոնյալ չեն»,- ասել է վարչապետը: Անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին՝ նա արձանագրել է, որ ամենօրյա թեստավորման թիվը աննախադեպ բարձր է, իսկ դրական դեպքերի տոկոսը` ցածր: Սա համարվում է հայտնաբերելիության մեծ աստիճան:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv