Items filtered by date: Ուրբաթ, 17 Հուլիսի 2020
Ուրբաթ, 17 Հուլիսի 2020 22:50

Էպիկենտրոն 17.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն

ԵՊՏՀ կառավարական խորհրդի այսօրվա նիստում ռեկտոր է ընտրվել Դիանա Գալոյանը: Նրա օգտին քվեարկել են խորհրդի 22 անդամներ, մյուս թեկնածուն՝ Եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Տիգրան Մարտիրոսյանը, ստացել է 1 քվե: Ավելի վաղ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր էր ճանաչել Գալոյանի տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը՝ նրա գիտական աշխատանքներում հայտնաբերված արտագրությունների հիմքով: Գալոյանը հայտարարել է, որ վերադասության կարգով բողոքարկել է վարույթը և հավելել, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ինքնիրավչության համար պատասխան է տալու:

«Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Նա չի կարողանա կոտրել հայ ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Արցախի հակամարտության կարգավորման հարցում»,- Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետը: Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի վարչապետների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ ընթացող նիստին Փաշինյանն ասել է, որ Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին, որոնք շարունակվում են առ այսօր՝ նպաստելով լարվածության պահպանմանը և իրավիճակի անկանխատեսելիությանը:

Հայ-ադրբեջանական բախումներ Բրիտանիայի մայրաքաղաքում: Լոնդոնում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները Հայաստանի դեսպանատան մոտ ցույց են անցկացրել: Տեղի հայերը, նախապես տեղեկանալով ցույցի մասին, հավաքվել են դեսպանատան մոտ և թույլ չեն տվել նրանց մոտենալ շենքին: Ադրբեջանցի ցուցարարներից մեկը դիմել է սադրանքի և անցնելով մայթը, փորձել է խլել հայերից մեկի  պաստառը, ինչն էլ դարձել է քաշքուկի պատճառ: Իրավիճակը հանդարտեցրել են ոստիկանները:  Բախումների մասին «Էպիկենտրոն»-ին Լոնդոնից մանրամասներ է հայտնել բրիտանահայ համայնքի խորհրդի ատենապետը:

Տավուշի մարզում ադրբեջանական զինուժի սադրիչ գործողություններն իրենց հետքը թողեցին հյուսիսարևելյան գոտու մի շարք գյուղերում: Դրանց թվում է նաև Չինարին: Մարզկենտրոնից 102 կմ հեռավորության վրա գտնվող սահմանապահ գյուղում բնակիչներն ապրում են սովորական առօրյայով, անգամ ամենադժվարին իրավիճակում չեն պատրաստվում լքել հարազատ բնօրրանը: Թշնամու գնդակի ձայնը լսում են ամեն օր, լարված իրավիճակում օգնում՝ ով ինչպես կարող է:

«Ադրբեջանում վաղուց են տեղի ունենում կադրային փոփոխություններ, և տպավորություն է, թե այդ ամենն ունի շատ հեռահար նպատակներ՝ ընդհուպ մինչև նախագահի փոփոխություն»,- Մինսկում պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարարը: Շավարշ Քոչարյանն այն կարծիքին է, որ Էլմար Մամեդյարովի հեռանալուց հետո Ադրբեջանի քաղաքականությունը չի փոփոխվելու: Փոխարտգործնախարարը նաև անդրադարձել է սահմանային լարված իրավիճակին և Ադրբեջանի սանձազերծած գործողությունների առնչությամբ ՀԱՊԿ-ի արձագանքին:

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը զգալիորեն թուլացել է: Ճգնաժամային կառավարման կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ անցնող գիշեր սահմանի ամբողջ երկայնքով հակառակորդի կողմից արձանագրվել է 120 խախտում: Հիմնականում կիրառվել են հրաձգային միջոցներ՝ այդ թվում մեծ տրամաչափի, սակայն հրետանի չի օգտագործվել: Հակառակորդը կրակոցներ է արձակել նաև Գեղարքունիքի և Նախիջևանի հատվածներում: Վիրավորների առումով իրավիճակը չի փոխվել՝ մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն նկատվում է։

Չնայած Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա, Արցախյան պատերազմի մասնակից մի շարք ջոկատներ ոտքի են ելել՝ գնալու և մասնակիցը դառնալու Տավուշում ծավալվող իրադարձություններին: Առայժմ նրանք մեկնում են ոչ թե անմիջապես առաջին գիծ, այլ սահմանամերձ բնակավայրեր՝ շարքային գյուղացու կողքին կանգնելու համար: Ապրիլյան պատերազմի մասնակից տղաները ևս պատրաստ սպասում են՝ անհրաժեշտության դեպքում իրենց 4 տարի առաջ գործած սխրանքները կրկնելու համար:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։