ԱԺ-ն ամփոփել է հերթական նիստերը: Օրակարգում առավելապես երկրորդ ընթերցման նախագծեր են եղել, սակայն բուռն քննարկումները սկսվել են նախքան օրակարգին անցնելը: Ընդդիմադիրներին հաջողվել է համոզել իշխանությանը կողմ քվեարկել պատգամավորներին` կալանավորներին տեսակցելու իրավունք տվող նախագծին: Այնուհետև հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, որն առաջարկել է գործուն մեխանիզմներ կիրառել ՀԿ-ների հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ: Կոմիտեի նախագահը նաև առաջարկել է հավանություն տալ Հայաստանի և Չինաստանի միջև առևտրային համաձայնագրին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները քննարկման առարկա են դարձրել ներմուծված ավտոմեքենաների կուտակումների հարցը:
Երեկ երեկոյան շտապօգնությունը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխել 13-ամյա մի աղջկա, նույն տանը հայտնաբերվել է նաև նրա մոր դին: Պարզվել է, որ աղջկան ու նրա մորը դաժանաբար ծեծի է ենթարկել կնոջ 28-ամյա զուգընկերը, որի ինքնությունը բացահայտվել է: Ավելին՝ նա խոստովանել է հանցանքը և այժմ կալանավորված է: Իսկ դաժանաբար ծեծված երեխային Գյումրիից տեղափոխել են Երևան. նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Հարևանները պատմել են, որ հանցագործության հնարավոր կատարողն ու սպանված կինն արդեն երկու տարի սիրային կապի մեջ են եղել:
Այսօր վաղ առավոտյան հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել Տավուշի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայ դիրքապահները ժամանակին նկատել ու չեզոքացրել են հակառակորդի առաջխաղացումը: Ադրբեջանցիները, կորուստներ կրելով, ետ են շպրտվել ելման դիրքեր, «Էպիկենտրոնին» հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Դժգոհում են ԳԱԱ աշխատակիցները: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծի որոշ դրույթներ նրանց համար անհասկանալի են, ակադեմիայի կազմից ակադեմիական ինստիտուտների հանելն անընդունելի են համարում: Նախագծում կառույցը լուծարելու մասին տեղեկություն չկա, սակայն ոչինչ չկա նաև գիտահետազոտական ինստիտուտների վերաբերյալ: Գիտնականները ժողով են հրավիրել, կողմ քվեարկել, որպեսզի ինստիտուտները ակադեմիայում մնան: Խնդրին օրեր առաջ խորհրդարանում անդրադարձել էր ԿԳՄՍ նախարարը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv