Items filtered by date: Երկուշաբթի, 21 Հունվարի 2019

Շվեյցարիայում մեկնարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպումները: Ցյուրիխում Հայաստանի ղեկավարը մի խումբ գործարարների հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը և շահագրգռված է Հայաստանում նոր ներդրումների իրականացմամբ և աշխատատեղերի ստեղծմամբ: Հիշեցնենք՝ վարչապետը Շվեյցարիայում է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Այսօրվա նիստի ընթացքում ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ևս 1 տարով ընտրվել է գործող նախագահ Լիլիան Մորի Պասկիեն: Օրակարգում է եղել նաև Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանի արտահերթ ընտրությունների հարցը: ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարը նշել է, որ Հայաստանում ընտրություններն անցել են հանգիստ և խաղաղ մթնոլորտում: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին օրը ելույթ են ունեցել հայաստանյան պատվիրակության ներակայացուցիչները: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախ խոսել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին, ապա կոչ արել արձագանքել Ալիևի՝ Հայաստանին տարածաշրջանային բոլոր նախագծերից մեկուսացնելու հայտարարությանը:

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Մեղադրանք է առաջադրվել մաքսային ծառայության աշխատակցին և բեռների տեղափոխում կազմակերպած անձին, նրանք կալանավորվել են: Մանրամասները՝ ԱԱԾ տրամադրած տեսանյութում:

Կենդանասերները բողոքում են ընտանի կենդանիներ պահելու համար տարեկան 5000 դրամ տուրք վճարելու օրենքի դեմ: Քաղաքապետարանի դիմաց նրանք բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով վերացնել անհիմն գանձվող տուրքը և հստակեցնել, թե օրենքը մասնավորապես որ կենդանիներին է վերաբերում: Ընտանի կենդանիներ պահող բազմաթիվ քաղաքացիներ տուրքը վճարելու մասին արդեն ծանուցումներ են ստացել: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը բողոքի ակցիայի մասնակիցներին վստահեցրել է, որ տուրքերը դեռ չեն գանձվում, և հարցը քննարկման փուլում է: Նրա խոսքով՝ տուրքը ավագանու կողմից չի կարող վերացվել, քանի որ տուրքի պահանջը բխում է օրենքից:

Անփորձանք ծառայություն, բարի վերադարձ: Բարեմաղթանքներն այսօր հնչել են Բերդաքաղաքում: Շուշիից ձմեռային զորակոչի նորակոչիկների առաջին խումբն են ճանապարհել: Ավանդույթի համաձայն՝ երիտասարդներին երգ ու պարով են ծառայության ուղարկում: Պարտադիր կանգառն էլ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին է: Նորակոչիկներն ու ծնողները մոմ են վառել, օրհնություն ստացել:

Ադրբեջանցիների հերթական «գլուխգործոցը». հարձակվել են վիրտուալ աշխարհի հայերի վրա: Հաքերները կոտրել են mail.ru-ի ու Ֆեյսբուքի հայ օգտատատերի էջեր: Մոտ 2000 հասցե են կոտրել, սակայն հայտարարում են, թե իբր հաքերական հարձակման են ենթարկվել 10 հազարից ավելի հասցեներ: Կիբերտիրույթում այս պատերազմների թիվը վերջին երկու տարվա ընթացքում 5-ից անցնում է: Պարզվում է՝ այս անգամ ադրբեջանցի հաքերները պատահմամբ կոտրել են նաև Արցախի խորհրդարանի մի պատգամավորի փոստը: Ի՞նչ են փնտրել հաքերները հայկական պրոֆիլներում՝ «Էպիկենտրոնին» պատմել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում տեղի է ունեցել Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով առաջին դատական նիստը։Ռոբերտ Քոչարյանի որդին ԱԱԾ տնօրենին մեղադրել է զրպարտության մեջ: Երկուսն էլ նիստին չէին ներկայացել՝ վստահելով իրենց պաշտպաններին: Նիստի ընթացքում կողմերը գրեթե բոլոր հարցերի շուրջ չեն կարողացել համաձայնության գալ: Մոտ մեկ ժամից ավելի բանավիճել են ու համաձայնել նիստը հետաձգելու դատարանի առաջարկությանը:

Հունվարի 16-ին կայացած Մնացականյան-Մամեդյարով չորրորդ հանդիպումը մի շարք ինչուների տեղիք է տվել: Մասնավորապես, հայտարարվել է, որ բանակցությունները երկու արտգործնախարարների միջև նաև ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար են եղել: Ադրբեջանագետները կարծում են, որ այս արտահայտությունն ավելի շատ ուղղված էր Ադրբեջանին, որովհետև այդ երկիրը տարիներ շարունակ բոլոր ամբիոններում նույնն է քարոզում և նույն պահանջները ներկայացնում: Արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների չորսժամյա հանդիպումից հետո Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն իրենց հայտարարություններն են ուղղել Միավորված ազգերի կազմակերպությունն ու Եվրամիությունը: Ի՞նչ են իրենցից ներկայացնում այս հայտարարությունները, և ի՞նչ սպասել հարևան պետություններից այս տարի: Մանրամասները` տեսանյութում:

Կառավարության կառուցվածքի փոփոխություններ, մարզպետների և մարզպետարանների աշխատակիցների բարձր պարգևավճարներ. այս թեմաներն են գերիշխել նորընտիր խորհրդարանի առաջին ճեպազրույցների ժամանակ: ԱԺ «Իմ Քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները անդրադարձել են նաև աշխատանքային շաբաթվա ընթացքին, պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին: Ճեպազրույցների կարևոր շեշտադրումներն առանձնացրել է Իզաբելլա Հովհաննիսյանը:

Երկուշաբթի, 21 Հունվարի 2019 09:46

Էպիկենտրոն 21.01.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։