«Ներկայացված միջնորդության մեջ չկա որևէ կոնկրետ ապացույց, որը կհիմնավորի այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանն առնչություն ունի ընտրակաշառքների կամ անձանց հետ,ովքեր այդ գործով անցնում են որպես մեղադրյալ»,- այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի փաստաբան Էմին Խաչատրյանը: Նա ասել է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված գործերը շինծու են և ընդգծել, որ պաշտպանական խմբի համար ի սկզբանե ակնհայտ է եղել, որ շոուն կազմակերպվել է հասարակության լայն շրջանակների մոտ տպավորություն ստեղծելու համար:
Արարատի մարզի Հայանիստ և հարակից համայնքների բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Բանն այն է, որ Հայանիստը և ևս վեց համայնքներ զրկված են տրանսպորտից: 35 համարի ավտոբուսը, որը սպասարկում էր այդ բնակավայրերի ուղևորներին, մայիսի 18-ից սկսած Արգավանդ գյուղից այն կողմ չի անցնում: Խնդրին լուծում չտալու դեպքում բնակիչները պատրաստ են փակել գյուղ տանող ճանապարհը:
«Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդումը տեղի է ունենում քաղաքական միջամտության և վերահսկողության ներքո»,- այս մասին նշված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի տարածած հայտարարության մեջ: «Օրենք խախտած յուրաքանչյուր ոք պետք է պատասխանատվություն կրի օրենսդրության ամբողջ խստությամբ, սակայն իրավական գործընթացների օգտագործումը, ինչպես նաև շանտաժի, կոմպրոմատների օգտագործումը որպես քաղաքական գործիք՝ ընդդիմախոսներին լռեցնելու, բռնաճնշելու նպատակով, անընդունելի է և դատապարտելի»: Ըստ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորների՝ երեկ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել: