«Կիսանախագահական կառավարման մոդելի անցնելու մտադրություններ չկան»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արդարադատության նախարարը: Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծն, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի մինչև 2020թ-ի ավարտը: «Մենք այնպիսի փոփոխություններ ենք նախաձեռնել, որոնք անպայման ենթադրելու են հանրաքվե»,- ասել է Բադասյանը: Լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Սահմանադրության մեջ հանրության վստահությունը ՍԴ-ի նկատմամբ վերականգնելու համար, և արդյոք իշխանությունն այդ փոփոխություններով չի՞ ցանկանում ազատվել Հրայր Թովմասյանից և անցանկալի դատավորներից:
Խորհրդարանում այսօր հայտարարությունների ժամ էր: Ելույթ ունենալու համար հերթագրվել էր 3 տասնյակից ավելի պատգամավոր: Հասարակական, սոցիալական, տնտեսական բազմաթիվ հարցերից զատ՝ իրենց հայտարարություններում պատգամավորներն անդրադարձել են նաև այսօր օրենքով գողերի վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպին: Իշխող խմբակցության պատգամավորները հակադարձել են աղմկահարույց օրինագծի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթին: Հայտարարությունների համար հերթագրված ԲՀԿ-ական պատգամավորներն, անդրադառնալով իշխող ուժի հնչեցրած գնահատականներին, ընդգծել են, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք:
Խորհրդարանում այսօր մթնոլորտը թեժ է եղել: Պատճառը օրենքով գողերի մասին նախագծի վերաբերյալ Գևորգ Պետրոսյանի ելույթն էր: Պատգամավորը, քննադատելով կառավարության առաջարկները, նշել է որ ԲՀԿ-ն դեմ է հանցավոր գործունեությանը, սակայն մարդուն պետք է դատել կատարած արարքի համար, հակառակ դեպքում դա չի բխում մարդասիրության սկզբունքից: Գևորգ Պետրոսյանի ելույթին արձագանքել է Արման Բաբաջանյանը՝ պատգամավորի որոշ ձևակերպումներ համարելով անթույլատրելի: Դրանից հետո իրավիճակը դահլիճում թեժացել է: Իզաբելլա Հովհաննիսյանն է շարունակում:
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխությունից հետո կայացել է հերթական դատական նիստը: Գեներալը, սակայն, դատարան չի ներկայացել, քանի որ շարունակում է մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել նրան բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ: Դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով:
Այսօր առավոտյան լարված իրավիճակ է եղել Արարատի և Արմավիրի մարզերում: Տեղի անասնապահներն ու մսագործները փակել են Երևան-Արարատ և Երևան-Արմավիր ճանապարհները: Նրանք պահանջել են չեղարկել սպանդանոցային մորթի անցնելու կառավարության որոշումը: Բողոքող գյուղացիների հետ հանդիպել է Արարատի մարզպետը, պայմանավորվել հավաքվել ու հարցը քննարկել մարզպետարանում: Իսկ Արմավիրի մարզում իրավիճակը մի պահ լարվել է, ոստիկանների և գյուղացիների միջև սկսվել է քաշքշուկ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv