Թունաքիմիկատների գերեզմանների խնդրի մասին ահազանգում են Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները: Թեմայի շուրջ նրանք այսօր քննարկում են կազմակերպել, լսել մասնագետների կարծիքը: Քննարկման մասնակիցները որոշել են միասին այցելել համապատասխան տարածքներ, պարզել, թե թունաքիմիկատների քանի գերեզմանոց կա Երևանում:
Հայ հեղափոխական դաշնակցության մի խումբ անդամներ այսօր քաղաքապետարանի մուտքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք քաղաքապետ Հայկ Մարությանին հիշեցրել են նախընտրական խոստումները, պահանջել կատարել դրանք: Ակցիայի մասնակիցների ձեռքին դեղին քարտեր են եղել, որպես զգուշացում:
Ի՞նչ խնդիրներ են հայտնաբերել պաղպաղակի և կաթնամթերքի շուկայում սպառողների իրավունքները պաշտպանները: Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի անդամները ներկայացրել են ձեռքի տակ ունեցած ուսումնասիրության արդյունքները: Ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը բացատրել է, թե ինչու ամռան տապին փողոցում վաճառվող ձուկը ոչ միայն չի նեխում, այլև բավական թարմ է երևում: Նա նաև անդրադարձել է այս ամռան ամենաակտուլ խնդրին՝ աղբահանությանը:
Ինչպիսի՞ն են հայ-ամերիկյան հարաբերություններն այսօր և ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակության Հայաստան այցի ընթացքում: Միացյալ նահանգներից ժամանած պաշտոնյաներն ամփոփել են այցի արդյունքները, նշելով՝ մտադիր են սերտացնել Հայաստանի հետ գործակցությունը: Արդյոք ԱՄՆ կառավարությունը կկրճատի՞ Հայասատանին ու Արցախին տրվող ֆինանսական օժանդակությունը: Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանն ԱՄՆ-ից Հայաստանի համար 85 մլն դոլարի աջակցության հույս է հայտնել: Նրա խոսքով՝ Արցախը միակ երկիրն է, որը չճանաչված է և ԱՄՆ-ից ուղղակի աջակցություն է ստանում:
Հատուկ քննչական ծառայությունը որոշել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չկիրառել: Ըստ այդմ՝ Գրիգորյանը կմնա ազատության մեջ: Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ այն կապելով նախկինում իր կայացրած երկու հայտնի որոշումների հետ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv