Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների մամուլի քարտուղարները մասնակցել են «Ղարաբաղյան հակամարտություն.վերջին միտումներ» թեմայով քննարկմանը: Վերջին շրջանում շփման գծում տիրող համեմատաբար հանգիստ ժամանակահատվածը հայկական կողմին թույլ է տալիս զբաղվել մարտական պատրաստության գործընթացներով,ասել է Արծրուն Հովհաննիսյանը, հավելել՝ զենքի ուժով կարող ենք խոսել նաև մենք, պարզապես դեռ նախընտրելի է մարդկային լեզուն: «Մեզ հետ չի կարելի շանտաժի լեզվով խոսել: Մենք ասում ենք՝ եթե բանակցում ենք, եկեք բանակցենք, եթե պետք է կրակենք, ձեզնից ավելի շուտ ու լավ կկրակենք»,-ասել է Հովհաննիսյանը: Աննա Նաղդալյանն էլ ընդգծել է՝ երբ բանակցային գործընթացում կա հայատյացություն, ապա այն չի կարող դրական փոփոխություն արձանագրել: «Մտածել, որ Հայաստանը կգնա մի գործընթացի, երբ մի ձեռքով կրակում են, մի ձեռքով՝ բանակցում, անհնար է»,-ասել է նա:
25 տարի առաջ տեղի ունեցած մահվան դեպքի առթիվ Վերաքննիչ դատարանում նիստ է անցկացվել: Էդուարդ Պողոսյանն, ով տուժողի որդին է, պնդում է, որ իր հորը սպանել է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին: Դատարանը հստակեցրել է դատավարության մասնակիցների կարգավիճակներն ու բավարարել մի քանի դիմումներ: Այնուամենայնիվ, դատական նիստը հետաձգվել է:
Ամիսներ առաջ կառավարությունը մերժեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի նախագիծը: Պատճառաբանվեց, թե «կենդանական աշխարհ» եզրույթը հստակեցված չէ ու կան որոշակի նրբություններ, որոնց լուծումը նախագիծը չի տալիս: Պատգամավորն առաջարկել էր լրամշակել, նույնիսկ «Իմ քայլ»-ի պատգամավորների հետ համատեղ աշխատել: Սակայն մինչև օրս հարցը դեռ չի քննարկվել, իսկ այս ընթացքում կենդանիները դաժանաբար ոչնչացվում են: Այդ առիթով այսօր խորհրդարանի մոտ են հավաքվել կենդանասեր քաղաքացիներն ու հանդիպել Նաիրա Զոհրաբյանի հետ:
Վերջին մի քանի օրերին Բագրատաշենի անցակետում մեծ հերթերի, կուտակումների մասին բազմաթիվ հրապարակումներ ու ահազանգեր եղան: Ավելացել են զբոսաշրջիկները, առևտրականներն ու ներկրվող մեքենաները: ԱԺ-ի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը այցելել են սահմանակետ և տեղում գնահատել իրավիճակը:
Եկմալյան փողոցի մի խումբ նախկին բնակիչներ այսօր վաղ առավոտից կառավարական ամառանոցի առաջ բողոքի ակցիա են իրականացրել: 2004թ-ին քանդված տների բնակիչներն ասում են՝ արդեն քանի կառավարություն, վարչապետ ու նախագահ են փոխել, բայց այդպես էլ իրենց խնդիրը չի լուծվել: Եթե նախկինում իրենց պատասխանել են` ներդրող չկա, որ շենք կառուցի, իրենք բնակարաններ ունենան, հիմա ներդրողը կա, բայց նոր քաղաքապետը թույլ չի տալիս այդտեղ բարձրահարկ կառուցել: «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը եղել է Եկմալյան փողոցում:
«Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի՝ Վարդենիսում գտնվող հողատարածքներում այս տարի 300 հեկտար կարտոֆիլ, գարի ու ցորեն է աճեցվում: Ստացված բերքն ու բարիքը սպառվում է տեղական շուկայում: Գյուղատնտեսական սեզոնին կենտրոնում աշխատելու շնորհիվ իրենց ամենօրյա հոգսն ու ապրուստի միջոցն են հոգում Վարդենիսի հարակից գյուղերի հարյուրավոր բնակիչներ: Այս տարի կարտոֆիլի դաշտում երեք նոր սորտ է աճեցվել: Դրանք գերմանական ու դանիական արտադրության են և միակն են Հայաստանում: «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը շրջել է ցանքատարածություններում, հետաքրքրվել աշխատողների որպիսությամբ և ուսումնասիրել դաշտերը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv