Անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակն ընդլայնվում է : Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Փաստաբանության մասին» օրենքի նախագծին: Նիստին նաև ներկա է եղել Փաստաբանների պալատի նախագահը: Լրագրողների հետ զրույցում Արա Զոհրաբյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք դատական համակարգում վիրահատական միջամտության կարիք կա:
Խորհրդարանում բավական բուռն է անցել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Օրակարգի երկու նախագծեր վերաբերել են զինծառայողներին: Բացի այդ, քննարկվել է Նաիրա Զոհրաբյանի և ԲՀԿ-ական պատգամավորների նախագիծը՝ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, կենդանու սպանությունը, խոշտանգումը քրեականացնելու վերաբերյալ։ Նաիրա Զոհրաբյանը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանում չի գտնվի պատգամավոր, ով դեմ կլինի նախագծին: Պատգամավորը ևս մեկ անգամ հայտարարել է՝ իր համար պոտենցիալ մարդասպանի և կենդանուն խոշտանգողի, սպանողի և ծանակողի միջև առանձնապես մեծ տարբերություն չկա:
«Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օրեր առաջ փախել է շփման գծից, երբ հայտնվել է հայկական Զինված Ուժերի հսկողության տակ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով ադրբեջանցի զինվորների վերջին ֆլեշմոբը՝ Շուշին հետ գրավելու մասին: Գրիգորյանը վստահեցրել է, որ Հայաստանի բանակը պատրաստ է կատարել իր առաջ դրված բոլոր խնդիրները: Լրագրողները Արմեն Գրիգորյանից, ինչպես նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքվել են Հայաստան-Արցախ հարաբերություններում դավադրությունների առկայության, Վիտալի Բալասանյանի հետ տեղի ունեցած միջադեպի, վերջին օրերի աղմկոտ այլ իրադարձությունների մասին: Օսիպյանը պոպուլիստական է համարել Պետական Վերահսկողական ծառայության վերջին հայտարարությունը՝ ոստիկանությունում անցկացվող ուսումնասիրության վերաբերյալ: ՊՎԾ-ի արձագանքը ևս չի ուշացել:
Հայաստանն ու Չինաստանը վերացնում են վիզային ռեժիմը: Որոշումն այսօր հաստատվել է կառավարության նիստում: Համաձայնագիրն առաջիկայում Երևանում կստորագրի անձամբ Չինաստանի Արտաքին գործերի նախարարը, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ զինծառայողների աշխատավարձը հունիսի 1-ից բարձրանում է 10 տոկոսով: Ընդ որում՝ կրտսեր կազմի և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների վարձատրությունը բարձրանում է մինչև 20 տոկոսով: Այսօրվա նիստում գործադիրը նաև ավելի քան 7 միլիարդ դրամ լրացուցիչ միջոցներ է հատկացրել ճանապարհաշինության և նորոգման աշխատանքների իրականացման համար: Վարչապետ Փաշինյանը արձագանքել է համացանցում տարածված Սիս գյուղի երեխաներից մեկի՝ վատ ճանապարհների վերաբերյալ արած հետևյալ դիտողությանը.«Նիկոլը խոսք տվեց, գլխառադ արեց»:
Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները շարունակում են այցելությունները հանրապետության մարզեր: Պատգամավորները գույքագրում են տարբեր հաստատություններում առկա խնդիրները, որոնցից ամենահրատապները ներկայացնում են կուսակցության ղեկավարին, նրա ջանքերով աջակցում դրանց լուծմանը: ԲՀԿ խմբակցության պատգամավորների հերթական կանգառը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում էր, որտեղ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով նորոգվել է երեք դպրոց, նաև հատկացվել մեծաքանակ մարզագույք: Ուշադրության կենտրոնում են նաև ապրիլյան պատերազմի հերոսների ընտանքիները: Հիմնադրամը նրանց ֆինանսական աջակցություն է ցուցաբերել, Վարդենիսի սոցիալապես անապահով ընտանքիներն էլ ստացել են առաջին անհրաժեշտության սննդամթերք:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv