Ուկրաինայի Լուցկ քաղաքում մեկնարկել է ուժային եռամարտի աշխարհի առաջնությունը, որին մեծաքանակ թիմով մասնակցում են նաև հայ մարզիկները։ Աշխարհի առաջնությունում հանդես են գալիս նաև Հայրավանքի մարզիկները, որոնց մասնակցությանը իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն: Մրցավայրում է նաև մեր սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանը, ով էլ կներկայացնի մեր մարզիկների մրցելույթները:
Երևանում մեկնարկել է «Շինարարություն և ինտերիեր 2019» խորագրով ցուցահանդեսը: Տարածաշրջանային խոշորագույն մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցում է ոլորտի առաջատար 120 կազմակերպություն աշխարհի 7 երկրից: Միջոցառման 3 օրերի ընթացքում մասնակիցները սպառողի դատին են ներկայացնելու ոլորտի նորարարություններն ու ձեռքբերումները:
«Հայաստանի դատախազությունը շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազության դատախազական մոտեցում, որ բոլորին պետք է ձերբակալել, բոլորին պետք է կալանքի տակ պահել, որովհետև բոլոր մարդիկ հանցագործ են կամ պոտենցիալ հանցագործ»,- այս համոզմանն է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: Վերջինս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ դատարանին ուղղված կոչերում սպառնալիք է նկատել: Երկրորդ նախագահի պաշտպանները հանդիպել են ԶԼՄ-ի ներկայացուցիչների հետ, հույս հայտնել, որ իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը կվերացվի: Լրատվամիջոցների հետ հանդիպմանը պաշտպանները նաև ցույց են տվել մարտի 1-ի գործի վերաբերյալ նախկինում չհրապարակված կադրեր:
Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել Կոնդի բնակիչները: Ակցիայի մասնակիցները պահանջել են կատարել նոր չափագրումներ ` համաձայնեցնելով Կադաստրի կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի հետ: Ըստ նրանց՝ նախկին իշխանությունների օրոք միտումնավոր թերի չափագրումներ են կատարվել: «Արդեն 10-ը տարի է` պայքարում ենք, գնում- գալիս ու խոստումներ լսում, բայց սայլը տեղից չի շարժվում»,-ասել են ակցիայի մասնակիցները: Կոնդի բնակիչները հանդիպում են պահանջել կա՛մ քաղաքապետի, կա՛մ գլխավոր ճարտարապետի հետ և նշել, որ առանց նրանցից որևէ մեկի հետ հանդիպելու չեն հեռանա: Կեսօրին բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունել է Երևանի գլխավոր ճարտարապետը: Արթուր Մեսչյանը բնակիչներին տեղեկացրել է, որ ստեղծվել է հանձնաժողով, և բնակիչների հետ քննարկելուց, մանրակրկիտ ուսումնասիրելուց ու հասկանալուց հետո նոր պարզ կլինի Կոնդի ճակատագիրը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված խնդրից, մինչև Բաքու և ֆուտբոլ: ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում և դրանից դուրս քննարկվել են Հայաստանի արտաքին ճակատի առանցքային հարցերը: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ ֆուտբոլի Եվրոպա Լիգայի՝ Բաքվում կայանալու պատճառով, Արսենալի հայազգի երկրպագուների հետ կապված խնդիրը պատրաստվում են քննարկել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Հիշեցնենք, որ Բաքուն մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել Արսենալի բրիտանահայ երկրպագուներին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv