Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, «Մոդերնա Թերապևտիկս» ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ Լորդ Արա Դարզիի, ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Դավիթ Նաբարրոյի և այլոց մասնակցությամբ տեղի է ունեցել «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարը: Նուբար Աֆեյանը, անդրադառնալով իր ընկերության ստեղծած պատվաստանյութին , հույս է հայտնել, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք կունենան: Բանախոսները նշել են, համաճարակի տարածումը նվազեցնելու լավագույն լուծումը մեկուսացումն է:
Այլ երկրներում խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր զորախմբերի զինծառայողները լավ են, նրանց մոտ կորոնավիրուսի դեպքեր չկան, կատարում են իրենց առաջ դրված խնդիրները։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը և զորախմբի հրամանատարները ուղիղ կապ են հաստատել խաղաղապահների հետ: Նրանք ներկայացրել են, որ վիճակը վերահսկվում է, իրականացվում են կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Շուշան Ստեփանյանը նաև մանրամասներ է հայտնել կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների առողջական վիճակի մասին:
Մեկուսացման, ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով մարտի 28-ի ժամը 12։00-ի դրությամբ 1889 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության. Հայտնել է ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։ Ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 2-ից ավելի անձ տեղափոխող 1843 տրանսպորտային միջոց։ 48 վարորդ ենթարկվել է վարչական տույժերի՝ թույլատրելի քանակից ավել ուղևոր տեղափոխելու համար: Փոխոստիկանապետը հերքել է ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսի դեպքի մասին լուրերը:
ԱՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ կայացել է նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական ընդլայնված նիստը: Քննարկվել է Արցախում վիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Հատուկ ուշադրություն է դարձվել մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների ընթացքում բնակչության առողջության պահպանման համար բոլոր կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը: Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ կորոնավիրուսի կասկածանքով 7 զինծառայողից փորձանմուշ են վերցրել, թեստերի պատասխանը բացասական է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նույնպես զանգահարել է պատահական քաղաքացիների, զրուցել արտակարգ դրության պայմանների, խնդիրների մասին: Ըստ երկրի ղեկավարի՝ դա օգնում է խնդիրներն ավելի լավ հասկանալ, ավելի ճշգրիտ լինել տնտեսական, սոցիալական աջակցության փաթեթների ձևավորման հարցում: «Մեր խնդիրն է, որ այդ աջակցությունը արդյունավետ և հասցեական լինի»,-ասել է Փաշինյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներից կազմված վարակազերծման խմբերն այսօր վաղ առավոտից ախտահանել են Երևանի ու մարզային քաղաքների հասարակական տրանսպորտի կանգառները:Միայն Երևանում ախտահանվել է 315 կանգառ, հանրապետությունում՝ ընդհանուր առմամբ 647-ը: ԱԻՆ-ից «Էպիկենտրոն»-ին հայտնել են, որ կորոնավիրուսով վարակված փրկարար ծառայողի հետ շփված բոլոր անձինք մեկուսացվել են:
Ամսվա սկզբին գյուղատնտեսական ու մթերային շուկայում արձանագրված գնային փոփոխությունները մարդկանց մի մասը կապում է գարնանային սեզոնի բացման, մյուս հատվածը՝ երկրում հայտարարված արտակարգ դրության հետ: Մեր նկարահանող խումբը փորձել է հասկանալ, թե արդյոք շուկայում կա՞ն գնային ակնառու փոփոխություններ և ո՞ր մթերքներեն հատկապես թանկացել:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը կանխարգելիչ աշխատանքներ է իրականացնում նաև մայրաքաղաք Երևանում: Տեխնիկական նորագույն միջոցներով զինված աշխատակիցները ամեն օր ախտահանում են փողոցները, մայթերը, բակերն ու շքամուտքերը: Կանխարգելիչ միջոցառումներ են անցկացվում նաև Երևանի կանգառներում ու հասարակական տրանսպորտում:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv