«Պետք է բոլորս գոտիները պինդ սեղմենք»,- բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը: Նախարարության հաջորդ տարվա բյուջեն 2 միլիարդ դրամով պակաս է անցնող տարվա հատկացումներից: Փոխարենը ավելացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի բյուջեն: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը դա պայմանավորել է նոր գործառույթների վերապահմամբ:
17 քաղաքական ուժեր հանդես են եկել հայտարարությամբ: «Որպես պետություն և ժողովուրդ՝ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև, որը պահանջում է վճռական որոշումներ և գործողություններ: Մինչդեռ քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին»,- նշված է հայտարարության մեջ: Անդառնալի կորուստները կանխելու համար 17 ուժերը պահանջում են վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ և անցնցում հեռացումը: Հայտարարությանը միացածների թվում են նաև ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», «Ալյանս», «Երկիր Ծիրանի», ՀՀԿ, «Հայրենիք», «Ազգային օրակարգ», «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները: Հայտարարությունը բաց է միանալու համար:
«Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությունը մեկնարկել է մոտ մեկ ամիս առաջ: Երևանում ու մարզերում մարդիկ հավաքում են թղթի թափոնները, դրանք տեսակավորում ու վերամշակման հանձնում: Ստացված գումարը փոխանցվում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Տեսանյութը առաջնագծի համար քողարկիչ ցանցեր պատրաստող կամավորականների մասին է: Նրանք աշխատում են Թումոյի այգում: Նախաձեռնությունը Սփյուռքից Հայաստան տեղափոխված երկու տղաներինն է, իսկ թիմը ձևավորվել է ինքնաբուխ: Մասնակիցները տարածքով պատահական անցել ու միացել են խմբին: Այս ամբողջ ընթացքում արդեն հասցրել են 4 ցանց ուղարկել առաջնագիծ:
Առողջապահական համակարգի կարողությունները 100 տոկոսով բավարարում են արցախյան պատերազմում վիրավորված զինծառայողների անհրաժեշտ բուժօգնությունը կազմակերպելու համար, խորհրդարանում ասել է Առողջապահության նախարարը: Փոխարենը պատկերն այլ է կորոնավիրուսով վարակվածների մասով: Հիվանդանոցում բուժում ստանալու իր հերթին է սպասում 861 քաղաքացի: Հիվանդների մեծ մասը բուժվում է տանը: Նրանցից 113-ը գտնվում է շատ ծանր վիճակում:
«Չկա մի նշանակետ, որ կարողանա մեզնից փախչել»,- վստահեցնում են հայ հրետանավորները: Արցախի պաշտպանության բանակի հրապարակած հերթական տեսանյութում նրանք հավաստիացնում են՝ առաջադրված խնդիրները կատարում են լիարժեք: Զինվորների բարոյահոգեբանական վիճակը բարձր է, բոլորի նպատակն ու ձգտումը մեկը՝ հաղթանակ: Մինչև վերջին զինվորը պատրաստ են շարունակել պայքարը՝ ամեն մի ոտնձգություն հետ մղելու համար:
Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ-ի ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները՝ հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է: Թշնամին ունի մեծ կորուստներ: Վաղ առավոտյան կրկին ադրբեջանական ԱԹՍ է խոցվել: Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv