Items filtered by date: Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2020

ԱԺ շենքի դիմաց ինքնաբուխ ակցիայի ժամանակ ծխացող նռնակ է պայթել: Հավաքի մասնակիցների խոսքով՝ նռնակը ոստիկանների ուղղությամբ նետողը սադրիչ է եղել: ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հավաքի մասնակիցներին կոչ է արել չտրվել սադրանքներին և ոստիկանների հետ բախման չգնալ: Պայթյունից քիչ հետո ոստիկանները բերման են ենթարկել սադրանքի հեղինակին: Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ական պատգամավորները և բողոքի ակցիայի կազմակերպիչները քաղաքացիներին կոչ են արել գնալ տուն՝ վաղը դարձյալ հավաքվելու պայմանով: Նրանք նշել են, որ վաղը կրկին միջոցառումներ են լինելու, որոնց մասին նախապես կտեղեկացնեն:

Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2020 22:55

Էպիկենտրոն 11.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Ազատության հրապարակից բազմամարդ բողոքի ակցիայի մասնակիցները երթով գնացել են Կառավարություն, ապա քայլել դեպի խորհրդարան: «Նիկո՛լ, քեզ շատ բաներում կարելի է մեղադրել, բայց մի բանում չեմ ուզում մեղադրել, դու գիտես պատմություն, դու հասկանում ես, որ թուրքի առաջ Արցախը ծնկի բերած հայը չի կարող լինել և մնալ ղեկավար»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը: Նա դիմել է «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ արտահերթ նիստ հրավիրելու համար:

ԱԺ խորհրդի նիստը չի կայացել: ԲՀԿ խմբակցության պատգամավորները, դուրս գալով խորհրդարանի շենքից և հանդիպելով այնտեղ ժամեր շարունակ սպասող բազմաթիվ քաղաքացիներին, հայտնել են, որ նիստի կայացման համար անհրաժեշտ 10 հոգու ներկայությունը չի ապահովվել: Հանդիպմանը մասնակցել է խորհրդի 7 անդամ, որոնց թվում է եղել նաև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: ԲՀԿ-ականները դիմել են քաղաքացիներին, որպեսզի նրանք իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կոչ անեն գալ խորհրդարան, որպեսզի նախ կայանա ԱԺ խորհրդի, ապա լիագումար նիստը: «Մենք մեր գործընկերներով վերադառնում ենք Ազգային ժողով, մենք մինչև վերջ մեր լիազորություններից բխող ամեն ինչ անելու ենք»,- նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Արցախի նախագահը ուղերձով դիմել է ժողովրդին: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա խնդրել է հող ծախողների չփնտրել, նաև պատասխանել է հարցին, թե ինչու՞ են վերջում զինադադար կնքել: Արայիկ Հարությունյանը պատերազմից մի դրվագ է պատմել՝ նշելով, որ երբ հատուկ ստորաբաժանումների հետ պետք է գնային առաջնագիծ, Հայաստանից Արցախ գնացած ԱԱԾ ամենաուժեղ էլիտար ստորաբաժանումները հրաժարվել են գնալ «Եղնիկներ»: Հարությունյանը դիմել է արցախցիներին՝ կոչ անելով վերադառնալ հայրենիք: Նա երաշխավորել է, որ ճանապարհներն անվտանգ են լինելու:

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դուրս է եկել ԱԱԾ շենքից: Նա լրագրողներին տեղեկացրել է, որ, որպես վկա, հարցաքննվել է ռազմական դրության ժամանակ տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար հարուցված քրեական գործի շրջանակում: «Հայրենիք» կուսակցության նախագահը հայտարարել է, որ դավաճանական հայտարարության տակ ստորագրած Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, և պետք է ձևավորվի նոր կառավարություն: Նշենք, որ լրագրողների հարցերին պատասխանելուց հետո նրան կրկին հետ են կանչել ԱԱԾ:

Բողոքի դուրս եկած քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի կողմից հողերը հանձնելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը համարում են դավաճանական քայլ: «Փաշինյանը մեզ զրկեց տնից, հայրենիքից, մեր եկեղեցիներից, մեր հայրերից, եղբայրներից ու որդիներից: Հող հանձնող ղեկավարը պետք է հեռանա»,- ասել են քաղաքացիները:

Թեև ոստիկանությունն Ազատության հրապարակից բերման էր ենթարկում 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի մասնակիցներին, այդ թվում՝ հայտնի գործիչներին, սակայն հրապարակը շարունակում էր լիքը մնալ, մարդիկ չէին հեռանում: Ոստիկանները փորձում էին խոչընդոտել նաև քաղաքական գործիչների ելույթները և հեռացնել քաղաքացիներին, բայց ապարդյուն: Չնայած ոստիկանների և հանրահավաքի մասնակիցների միջև քաշքշուկին, քաղաքական ուժերի ներկայացուցիչները ելույթներ են ունեցել, քաղաքացիներն էլ այնտեղ են մնացել մինչև վերջ:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ՖԲ-ի իր էջում կատարած գրառման մեջ հաստատել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ՝ «Երկիր Մեդիա»-յին տված հարցազրույցի ժամանակ արած այն հայտարարությունը, որ դեռևս սեպտեմբերի 28-29-ին Ռուսաստանի գործընկերներն առաջարկել են հրատապ այցով գալ Հայաստան և սկսել, որպես միջնորդ, համապատասխան բանակցություններ Արցախի շփման գծի երկայնքով կրակի անհապաղ դադարեցման, ապա և ըստ համաձայնության՝ խաղաղապահների հնարավոր տեղակայման վերաբերյալ: «Վարչապետը և մամուլի խոսնակը սեպտեմբերը շփոթել են հոկտեմբերի հետ: Մեր ասած ամիս-ամսաթիվը հստակ է»,- նշել է Մելքումյանը:

Հայաստանում ժամանակավորապես ապաստան գտած արցախցիները դեռ ուշքի չեն գալիս Նիկոլ Փաշինյանի որոշումից: Արցախի նոր սահմանների մասին լսելուց հետո մարդիկ հայտնվել են խիստ ծանր ու անորոշ վիճակում: Ոմանց տները հայտնվել են Ադրբեջանի հսկողության տակ, իսկ ում տներն էլ Արցախի հսկողության տակ են, վերադառնալ դեռևս չեն պատրաստվում: Հարցին հարցով են պատասխանում. «Իսկ դուք կարո՞ղ եք ապրել թուրքի հետ»: Բազմաթիվ արցախցիներ պատերազմի առաջին օրից հյուրընկալվել են Օլիմպավանում:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։