Սիրիական հակամարտությունը տակնուվրա արեց ինչպես միջազգային քաղաքականությունը, այնպես էլ միլիոնավոր հասարակ մարդկանց կյանքեր: Այն ծանր անդրադարձ ունեցավ նաև այդ երկրում մեր հայրենակիցների վրա: Նրանց մի մասը հաստատվեց Հայաստանում, իսկ իշխանությունն էլ փորձում էր ելքեր գտնել նրանց խնդիրներին: Մինչև օրս էլ այդ խնդիրների մեծամասնությանը լուծում չի տրվել, Հայաստանին փոքր ֆինանսական օգնություն են ցույց տալիս միջազգային կառույցները: Փախստականների խնդիրներն ու հնարավոր լուծումներն այսօր քննարկվել են խորհրդարանում անցկացված համաժողովին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր խորհրդարանում խոսել է Հայաստանի էներգետիկ համակարգի խափանման մասին: Ըստ նախնական վարկածի՝ տեխնիկական տատանում է տեղի ունեցել հարևան Իրանում, որն ազդել է մեր էներգահամակարգի ընդհանուր տեխնիկական վիճակի վրա: Վերջնական պատասխան կտա աշխատանքային խումբը: Անդրադառնալով գազի գնին՝ Գրիգորյանը նշել է՝ «Գազպրոմ Արմենիա»-ի արդյունվետության հաշվին գազի չթանկանալը երկար տևել չի կարող: Բանակցություններն այս պահին շարունակվում են: Փոխվարչապետը խորհրդարան էր գնացել՝ մասնակցելու Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի քննարկմանը:
«Իմ քայլը» խմբակցությունը դեռ հստակ դիրքորոշում չունի Սահմանադրական Դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ»,-նստաշրջանի աշխատանքներն ամփոփելիս ասել է խմբակցության ղեկավարը: Լիլիթ Մակունցը չի բացառել, որ խնդիրը լուծելու համար հանդես գան սեփական առաջարկներով: Իշխող ուժի ներկայացուցիչներն անդրադարձել են նաև նախօրեին ԲԴԽ անդամի աղմկահարույց երդմնակալությանը, Ստամբուլյան վիճահարույց կոնվենցիային և ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեությանը:
Երևանում այսօր տրվել է նոր` 250 Մվտ հզորությամբ գազային վառելիքով աշխատող էլեկտրակայանի շինարարության մեկնարկը: Նոր էլեկտրակայանը կշահագործվի մոտ երկու տարուց: Կայանի օգտակար գործողության գործակիցը նախատեսվում է հասցնել մինչև 53 տոկոսի,որի հետևանքով էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի մոտ 1-1,5 դրամով: Շինարարության փուլում կներգրավվի 1000-1200 մարդ: Շինհրապարակում է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ծանոթացել նոր կայանի ծրագրին:
Վերջին տարիներին Արցախում բնակարանային շինարարությունը լայն թափ է ստացել: Միայն 2019 թվականին կապիտալ ներդրումների ծրագրով հատկացվել է ավելի քան 2 միլիարդ դրամ: Այս օրերին շարունակվում է Ստեփանակերտի նախկին շինանյութի կոմբինատի տարածքում նոր բնակելի թաղամասի շինարարությունը: Այն լուծելու է եվս 200 ընտանիքի բնակարանային խնդիր: Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է նախագահ Բակո Սահակյանը:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ հերթական անգամ իրականություն է դարձել զինվոր որդիներին տեսնելու՝ հարյուրավոր ծնողների երազանքը: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի զինծառայողների ծնողների արդեն 2-րդ մեծ խումբն է ուղևորվել Արցախի տարբեր զորամասեր: Ավանդույթի համաձայն՝ հիմնադրամը հոգացել է ոչ միայն նրանց ուղևորափոխադրման հարցն ու ճանապարհածախսը, այլև առաջին անհրաժեշտության պարագաներով և սննդամթերքով բեռնված ծանրոցներ է ուղարկել զինվորներին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv