Items filtered by date: Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2020
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2020 23:00

Էպիկենտրոն 19.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Ակցիաներ են տեղի ունեցել նաև մեր երկրում ԱՄՆ դեսպանատան և Եվրամիության գրասենյակի դիմաց: Բողոքավորները ահազանգել են, որ Հայաստանն այսօր Արցախի հետ միասին կռիվ է տալիս ահաբեկչական Թուրքիայի, Ադրբեջանի և վարձկանների դեմ, և միջազգային հանրությունն իրավունք չունի անտարբեր նայել այս ամենին: Դեսպանատան պաշտոնյան խոստացել է ցուցարարների պահանջների հիման վրա համառոտ զեկույց կազմել և ուղարկել Վաշինգտոն: Իսկ Եվրամիության գրասենյակում ցուցարարներին չեն ընդունել:

Ռուսաստանի ԱԳ նախարարը հույս ունի առաջիկա օրերին համաձայնեցված տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողական մեխանիզմները: «Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո հույսերը չարդարացան, Ղարաբաղում մարտերը շարունակվեցին, դա անընդունելի է»,- ասել է Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ հակամարտության կողմերին պետք է դրդել համաձայնեցնել այն դրույթները, որոնք թույլ կտան կայունացնել իրավիճակը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները կոշտ քննադատության են արժանացրել ԵՄ-ի հայտարարությունը, որով միջազգային հեղինակավոր կառույցը դատապարտել էր հայկական կողմի գործողությունները Գյանջայի ուղղությամբ: Պատգամավորներն արձանագրել են, որ միջազգային հանրությունը կողմնակալ վերաբերմունք է դրսևորել: Տեղի ունեցածը որակելով զարհուրելի՝ Նաիրա Զոհրաբյանը դիմել է միջազգային հանրությանը՝ «կա՛մ դուք սթափվում եք, կա՛մ ձեզ վրա պետք է դնել մեծ տապանաքար»:

Ադրբեջանը շարունակում է սահմանային իրավիճակը լարված պահել: «Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունակվում են. յուրային ստորաբաժանումները «մաշում են» հակառակորդին»,- հայտնել է ՊՆ մամուլի խոսնակը: Շուշան Ստեփանյանը նաև հերքել է Բաքվի հերթական սուտն այն մասին, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը: Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ՝ Ադրբեջանը կրակ է բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, Ստեփանակերտում չորս պայթյունի ձայն է լսվել:

Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի շրջանակն ընդլայնելու պահանջով դիմել է ՄԻԵԴ: Այս պահանջի համար հիմք են հանդիսացել բազմաթիվ տեսանյութերը, որոնցում հստակ երևում են ռազմագերիների կամայական գնդակահարությունների, դիակների նկատմամբ վատ վերաբերմունքի, գլխատումների և այլ դրվագներ: Բացի այդ, ադրբեջանական վայրագությունների փաստերով հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր: Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ստիպել է վարձկաններին կրել ադրբեջանական համազգեստ։

Այսօր կրկին բողոքի բազմամարդ ցույց է կազմակերպվել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: Այնտեղ հավաքված արցախցի կանայք պահանջում են, որ միջազգային հանրությունը չլռի և արձագանքի Արցախում կատարվող վայրագություններին: Հավաքվածները վանկարկել են «Կանգնեցրե՛ք ադրբեջանական ագրեսիան», «Մի՛ եղեք կույր», «Ճանաչում»: Ավելի ուշ նրանց երթով միացել են Մատենադարանի դիմաց հավաքված քաղաքացիները, որոնք նամակ են պատրաստել միջազգային կառույցին հանձնելու համար:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների ներկայացրած միջնորդության քննությունն այսօր հետաձգվել է: Նիստը նախագահել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասել է, որ նիստի հետաձգման պատճառն այն է, որ դատարանն իրենցից որոշակի փաստաթղթեր է պահանջել: Փաստաբանի խոսքով՝ դատարանը պետք է հաշվի առնի նաև հանրային շահը: «Եթե հիմա դրսում հարցում անեն, թե Ծառուկյանին պետք է ազա՞տ արձակեն, ապա 99 տոկոսը կասի` այո՛»,- նշել է Սարգսյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։