Items filtered by date: Երկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2019
Երկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2019 22:06

Էպիկենտրոն 02.12.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Երևանում նշվել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային օրը՝ հիմնադրման 48-ամյակը: Տոնական միջոցառմանը մասնակցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Մհեր Գրիգորյանն իր ելույթում նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները կարևորագույն կամուրջ են՝ Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների միջև: Միևնույն ժամանակ, ըստ փոխվարչապետի, Հայաստանը Միացյալ Էմիրությունների համար կարող է լինել բարենպաստ հարթակ՝ ԵԱՏՄ մեծ շուկա մուտք գործելու համար: Միջոցառման ընթացքում խոսվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական ոլորտում սերտ գործակցության մասին՝ որպես դրական օրինակ առանձնացնելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հետ գործակցությունը: Ավելի ուշ, պատասխանելով լրագրողների հարցերին, կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը նշել է, որ Միացյալ Էմիրությունների հետ «Մուլտի Գրուպ»-ի գործակցությունը շարունակական է լինելու:

Կոտայքի մարզում այսօր պաշտոնապես բացվել է «Էյ Դի ԷՄ դայմոնդս» գործարանը, որն արդեն երկու տարի շուկայում է: Ընկերությունը ոլորտի բացարձակ առաջատարն է, ինչպես նաև միակը, որն աշխատում է սեփական հումքով: Ընկերությունում ասում են՝ եթե երկու տարի առաջ իրենց մոտ աշխատում էր մինչև 100 մարդ, ապա այսօր մինչև 700 աշխատողի կարիք ունեն: «Էյ Դի ԷՄ դայմոնդս»-ը պատրաստ է աշխատանքի ընդունել նաև ոչ մասնագետների, նախ սովորեցնում են, ապա աշխատանքի պահում: Ադամանդի գործարանի բացմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, գործարարներ և պաշտոնյաներ:

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների դեկտեմբերի 4-ի հանդիպմանը հայկական կողմն աշխատելու է իր գերակայությունների ուղղությամբ»,- հայտարարել է արտաքին գործերի նախարարը: Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Երևանն ունի մեկ միասնական փաթեթ, որում կան ինչպես բուն կարգավորմանը, այնպես էլ բանակցային միջավայրին առնչվող հարցեր: «Բուն կարգավորման հարցում մեր գերակայություններն առնչվում են Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը և կարգավիճակին»,- հստակեցրել է Մնացականյանը: Նախարարն այս հայտարարություններն արել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Հորդանանի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է նաև վերջերս հրապարակված փաստաթղթերին, համաձայն որոնց՝ Թուրքիան ծրագրել էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին:

Երևանի Պետական համալսարանի ուսանողները, որոնք բոյկոտում են Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագիծն ու դասադուլ են իրականացնում, այսօր հանդիպել են համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի հետ: Գեղամ Գևորգյանը ուսանողներին հավաստիացրել է՝ դասադուլի պատճառով ոչ մի ուսանող համալսարանից չի հեռացվի: Այդուհանդերձ, մոտ երկու ժամ տևած հանդիպումը երիտասարդների սրտով չի եղել: Մանրամասները՝ տեսանյութում:

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում բավական բուռն քննարկվել է ՍԴ դատավորին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին նախագիծը: Կրքերը թեժացել են հատկապես բարձր դատարանում ճգնաժամ լինել-չլինելու հարցի շուրջ: Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները սուր քննադատության են ենթարկել նախագիծը՝ նշելով, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա: ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը հայտարարել է, որ նախագծի հետևում ՍԴ-ն սեփական կադրերով համալրելու նպատակն է: Նիստում քննարկված մյուս ուշագրավ նախագիծը՝ ԱԱԾ և Ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական դարձնելու վերաբերյալ, ստացել է բացասական եզրակացություն:

Դաժան վերաբերմունք կենդանու նկատմամբ. «Դիլիջան ազգային պարկ»-ի տնօրենը սպանել է իր շանը, այնուհետև հրապարակավ խոստովանել՝ պատճառաբանելով, թե կենդանին եղել է կատաղած և վտանգ է ներկայացրել հանրության համար: Շան սպանությունը մեծ աղմուկ է բարձրացրել թե՛ լրատվամիջոցներում, և թե՛ սոցիալական ցանցերում: ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որի ջանքերով խորհրդարանը վերջերս ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքը, խիստ դատապարտել է կատարվածն ու դիմել ոստիկանապետի պաշտոնակատարին: «Հանկարծ մեկի մտքով չանցնի, թե դեկորացիայի համար ենք օրենք ընդունել ու գազանները կարող են այսուհետ ևս կենդանի տանջել և սպանել: Չենք թողնելու»,- ՖԲ-ի իր էջում գրել է Զոհրաբյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։