Մշակույթի նախարարության ենթակայության տակ գնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարման թեմայի շուրջ բուռն քննարկումները շարունակվում են: Նախագծի ազդակիր Համազգային թատրոնն, օրինակ, ոչ մի պարագայում չի պատրաստվում դադարեցնել գործունեությունը: Թատրոնի ղեկավարությունը հայտնել է, որ շարունակելու է նոր ներկայացումների բեմադրումն ու հյուրախաղերը: Նրանք վստահեցրել են, որ լուրջ դիմադրություն են ցույց տալու: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն այսօր հայտնել է, որ լուծարվող ՊՈԱԿ-ների մասին տեղեկանքը ներկայացվել է կառավարությանը:
Պետական վերահսկողական ծառայության շուրջ սկանդալը նոր երանգներ է ստանում: ԱԱԾ-ն հաստատել է, որ կալանավորվել են ծառայության երկու աշխատակից, որոնք փորձել են խոչընդոտել առողջապահության նախարարության և մի շարք այլ բժշկական կենտրոնների կողմից գնումների գործընթացին: Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն ասել է, որ կալանավորված անձինք ծառայության օրինակելի և լավագույն աշխատակիցներից են: Նա ԱԱԾ-ին հորդորել է անմեղության կանխավարկածը չխախտել, սպասել քննության ավարտին, նման ինֆորմացիաներն էլ «մուտիլովկաներով» հայտնի մարդկանց ձեռքը չգցել:
Գործադիրը հերթական նիստը սկսել է Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը ոգեկոչելով:Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են արդեն 31 տարի չդատապարտված ոճրագործության զոհերի հիշատակը: Կառավարության նիստը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Գործադիրը հաստատել է մի քանի կարևոր նախագիծ: Դրանցից մեկը ներկայացրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նոր ընթացակարգ է մշակվել դեղերի ներմուծման և արտահանման համար: Կառավարությունը կսուբսիդավորի նաև գյուղմթերք վերամշակողների վարկային տոկոսադրույքը: Կառավարության նիստի մանրամասները՝ Աիդա Կարապետյանի տեսանյութում:
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը կշարունակի պաշտոնավարել: ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհուրդն արտահերթ նիստ էր հրավիրել, օրակարգում՝ ռեկտորի լիազորությունները դադարեցնելու հարցն էր: Ավելի քան մեկ ժամ տևած քննարկման արդյունքում օրակարգը չի հաստատվել, և նիստը հետաձգվել է: Ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով, խոսել իրեն վերագրվող մեղադրանքների, համալսարանում ստեղծված իրավիճակի մասին: Ի դեպ, հոգաբարձուների խորհրդի նիստն աչքի է ընկել ուշագրավ և անսպասելի միջադեպով:
Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը մոտ 3 ժամ քննարկել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համանման նախագծերը: Դրանցով առաջարկվում է նախնական կալանքի ժամկետի 1 օրը հաշվարկել1.5 օր: Երկու նախագծերն էլ մերժվել են: Նաիրա Զոհրաբյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ կալանավորները պահվել են անմարդկային պայմաններում: Պատգամավորի խոսքով՝ մասնավորապես Նուբարաշենի նախնական կալանքի պահպանման խցերում տիրող իրավիճակի համեմատ Օսվենցիմի ճամբարները լյուքս դասի հոթելներ են եղել: Նիստից հետո պատգամավորը հանդիպել է դատապարտյալների հարազատներին, որոնք բողոքի ակցիա են իրականացրել խորհրդարանի բակում:
Ավանդույթի համաձայն, ամեն տարի Սումգայիթի ջարդերի տարելիցի օրը Ռոզա Ծառուկյանը հանդիպում է Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում բնակվող ջարդերից փրկված ընտանիքների հետ: «Ծառուկյան ընտանիքը մշտապես Ձեր կողքին է՝ պատրաստ աջակցելու ցանկացած հարցում»,-վստահեցրել է նա: Ոճրագործությունը վերապրած բոլոր ընտանիքները «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից ֆինանսական աջակցություն են ստացել:
Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իրան: Վարչապետը երեկ երեկոյան Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում հանդիպել է տեղի հայ համայնքի հետ: Իր ելույթում կառավարության ղեկավարը նշել է, որ Սփյուռքի հետ կապված հարցերում կարող են լինել քննարկումներ, բանավեճեր և տարբեր մոտեցումներ, սակայն պետք է բացառել այնպիսի գործողությունները, որոնք որևէ կերպ կասկածի տակ կդնեն հայ ժողովրդի բացառիկ ազգային միասնությունը: «Մենք այլևս չունենք Հայաստանի օրակարգ և Սփյուռքի օրակարգ, մենք ունենք համազգային օրակարգ, որի նպատակը մեր համազգային երազանքների իրագործումն է»,-ընգծել է Փաշինյանը: Կառավարության ղեկավարը նաև պատասխանել է իրանահայերի հարցերին: