Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությունը: Շուշին ազատագրած լեգենդար հրամանատարի հոգեհանգստին ներկա են եղել մարտական ընկերները, հարազատները, հանրապետության նախագահը, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիներ: Արկադի Տեր-Թադևոսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 11-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ նույն օրը ժամը 13-ին: Կոմանդոսի ցանկության համաձայն՝ նրան կհուղարկավորեն Դավիթաշենում գտնվող ընտանեկան գերեզմանատանը:
«Մարտի 1»-ի գործով այսօրվա դատավարությունը մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և դատախազների վարքագծի քննարկմամբ: Երկու կողմերն էլ Աննա Դանիբեկյանի կողմից արժանացել են նկատողության, քանի որ նրանց արարքներն, ըստ դատավորի, հանգեցրել են նիստերը շարունակելու անհնարինության: Հայկ Ալումյանը դժգոհել է, որ դատարանը չի հայտնում, թե ինչ գործ է քննվում: Դատախազները միջնորդություն են ներկայացրել գործի վարույթը կասեցնելու մասին, ինչից հետո դատարանը հայտարարել է ընդմիջում՝ միջնորդությունը պաշտպանական կողմին ներկայացնելու համար: Միջնորդությունների քննարկման ավարտից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:
Սոցփաթեթի գործող պայմաններին երկու նոր ուղղություն ավելացնելու ՝ կառավարության երեկվա որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց: Չզեկուցվող հարցերի փաթեթով գործադիրը երեկ նախագիծ ընդունեց, որով պաշտոնյաներին ու նրանց ընտանիքների անդամներին տրվող սոցփաթեթի հնարավորությունները ընդլայնվում են: Աղմուկի պատճառն այն էր, թե իբր հարկատուների հաշվին պաշտոնյաների ընտանիքները մարզասրահ ու լողավազան են այցելելու: Սոցապ նախարարությունն «Էպիկենտրոն»-ին պարզաբանել է նախագծի էությունը:
Ապրիլյան պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» են այցելել Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Անվտանգության խորհրդի քարտուղարը և Պաշտպանության նախարարը հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին: ԶՈՒ ԳՇ պետն ասել է, որ եթե ապրիլյանից դասեր չքաղեինք, ապա 44-օրյա պատերազմն այլ ելք կունենար: Արցախցի պաշտոնյաները կոշտ գնահատական են տվել տարածաշրջանում հարևանների նկատմամբ կեցվածքը վերանայելու հայտարարություններին՝ նշելով, որ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է երկկողմանի կամք: Արձագանքելով շրջանառվող լուրերին՝ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ Կարմիր Շուկան թուրքին չի հանձնվելու:
Արցախում ծառայող ժամկետայինների ծնողները կրկին կառավարության մոտ էին: Պահանջը Նիկոլ Փաշինյանից նույնն է՝ զորացրել պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայողներին: Ծնողների խոսքով՝ իրենց որդիները գտնվում են հոգեբանական ծանր վիճակում, մեծ մասը շարունակում է քնել բետոնին, խոնավ ու ցուրտ պայմաններում: Ակցիայի մասնակիցները կառավարությունից գնացել են Ռուսաստանի դեսպանատուն:
Երևանի Վարչական դատարանում Մհեր Պետրոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Օնիկ Գասպարյանն ընդդեմ վարչապետի և նախագահի» գործով նիստը: Ներկայացրած հայցով ԳՇ նախկին պետը վիճարկում է իր պաշտոնանկության օրինականությունը: Նիստի ժամանակ հակընդդեմ միջնորդությամբ է հանդես եկել Փաշինյանի ներկայացուցիչը: Տաթևիկ Սարուխանյանը պահանջել է վերացնել Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնում վերականգնելու մասին դատարանի՝ ավելի վաղ կայացրած միջանկյալ որոշումը: Նիստի մանրամասները՝ Վաչիկ Գրիգորյանի տեսանյութում:
Քառօրյա պատերազմում նահատակված տղաների շիրիմներին են այցելել նաև նրանց հարազատները, շարքային քաղաքացիներ, դպրոցականներ: Հերոսների ծնողները նշել են, որ չեն կարողանում նայել «Եռաբլուր»-ի նոր գերեզմանաթմբերին. արցախյան վերջին պատերազմը կոտրել է բոլորի մեջքը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv