Items filtered by date: Երկուշաբթի, 25 Հունվարի 2021
Երկուշաբթի, 25 Հունվարի 2021 22:15

Էպիկենտրոն 25.01.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչներն ու ծնողները բողոքի ակցիա են իրականացրել ԿԳՄՍ նախարարության մոտ: Նրանք դժգոհել են տնօրենի ընտրության արդյունքից՝ նշելով, որ նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ազգականներ, որոնք դպրոցի խորհրդի անդամներ են, փորձում են այդ պաշտոնին նշանակել իրենց ցանկալի անձին: Մինչդեռ, նրանց պնդմամբ, գործող տնօրենը ոչ միայն լիարժեք տիրապետում է իր աշխատանքին, այլև վայելում է դպրոցի աշխատակազմի հարգանքը: Ակցիայի մասնակիցները զգուշացրել են՝ եթե հարցին լուծում չտրվի, գործադուլ կհայտարարեն:

Բերդաքաղաք Շուշիի ընկնելու վերաբերյալ հակասական կարծիքները դեռ պահպանվում են: Առանց քաղաքի մնացած քաղաքապետը հակված է այն մտքին, որ քաղաքը հանձնվել է: Արծվիկ Սարգսյանը հայտարարել է՝ եթե նույնիսկ քաղաքն ընկել է, ապա դա տեղի է ունեցել հրամանատարական անկազմակերպվածության հետևանքով: Նրա խոսքով՝ Հայաստանում ու Արցախում բոլոր պատասխանատու կառույցների ներկայացուցիչները պետք է խոսեն պարտության մեղավորներին պարզելու և պատժելու համար:

«Ձայն հայրենյաց» նախաձեռնությունն անցկացրել է երրորդ հանդիպում-քննարկումը, որին մասնակցել են մեծաթիվ մտավորականներ ու զինվորականներ: Պատերազմում տեղի ունեցածի, հետևանքների և պատասխանատուների հարցում մտավորականներն անդրդվելի են: Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության հրաժարականի պահանջը նրանց համար մնում է առաջնային խնդիր: «Այս իշխանությունն ամեն ինչ արեց, որ պատերազմը լինի»,- ասել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

ՄԻՊ-ը հրապարակել է Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի վերաբերյալ նոր ապացույցներ: «Ղարաբաղում որևէ հայ ողջ չպետք է մնա», «Խոշտանգե՛ք սպանելուց առաջ», «Լավագույն հայը մեռած հայն է». այս և նմանատիպ այլ գրառումների հեղինակները ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական օգտատերերն են: Օմբուդսմենը, համադրելով փաստերը, բացահայտել է` ատելության նշված դրսևորումներն օգտագործվում են ոչ միայն շարքային ադրբեջանցիների, այլև այդ երկրի բարձրագույն իշխանության, զինվորականների և անգամ մտավորականների կողմից:

Կնշանակվի՞ արդյոք ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Վերջին օրերին շրջանառվող այս տեղեկությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Ինքը՝ Մակունցը, չի հերքել լուրը, նշելով, որ օրակարգում նման հարց կա, սակայն այն դեռևս քննարկման փուլում է: Խորհրդարանի միջանցքներում թեմային այսօր անդրադաձել են ընդդիմադիր և իշխանական խմբակցությունների պատգամավորները: «Նմանօրինակ նշանակումներով Հայաստանի միջազգային հեղինակությունն ուղղակիորեն զրոյացվում է»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարի արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը գումարել է անդրանիկ նիստը: Աշխատանքների մեկնարկին իշխանական պատգամավոր Արտակ Մանուկյանը կասկածի տակ է դրել հանձնաժողովի արդյունավետությունը: Ըստ նրա՝ քանի դեռ հայտնի չէ համաճարակի դեմ պայքարի լավագույն մեթոդը, հնարավոր չէ որևէ գնահատական տալ: Մանուկյանին հակադարձել են ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները՝ նշելով, որ մինչև այսօր համավարակի հետ կապված մի շարք կարևոր հարցերի պատասխաններ չեն տրվել:

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Այն անցկացվում է հիբրիդային եղանակով, պատվիրակների մի մասը Ստրասբուրգում է, մի մասն էլ աշխատանքներին մասնակցում է հեռավար: ԵԽԽՎ հայկական պատվիրակությունից Ստրասբուրգ չեն մեկնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը: Այսօր Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նիստին բանավեճ է տեղի ունեցել Նաիրա Զոհրաբյանի և Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի միջև: Զոհրաբյանը«Էպիկենտրոն»-ին մանրամասներ է հայտնել կատարվածի վերաբերյալ:

Հունվարի 24-ն աշխարհում նշում են որպես Կրթության միջազգային օր: Ոլորտի պատասխանատու փոխնախարարի խոսքով՝ այս տարի Հայաստանում սպասվում են մի շարք փոփոխություններ: Ատեստատները շուտով կլինեն էլեկտրոնային, նախակրթական հաստատություններում ամբողջությամբ կգործեն տեղեկատվական տեխնոլոգիաները, կվերանայվի քիչ աշակերտներ ունեցող դպրոցների ֆինանսավորումը: Բացի այդ, նախատեսվում է փոփոխություն նաև կրթական հաստատությունների ֆինանսավորման կարգում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։