Վարչապետն ընդունել է նորանշանակ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ոստիկանապետ Արման Սարգսյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նրանց նոր պաշտոններում նշանակվելու առթիվ: «Ես հստակ արձանագրել եմ և տեսել, որ դուք չեք փորձում քողարկել ու թաքցնել այն պրոբլեմները, որոնք այսօր առկա են: Դա վստահություն է ներշնչում, որ դուք հետևողական կլինեք այդ խնդիրները լուծելու համար»,- ասել է վարչապետը: Ըստ Փաշինյանի՝ գույքագրվել է պրոբլեմների բավականին մեծ շրջանակ և արձանագրվել, որ այդ պրոբլեմների լուծմանն ուղղակի չկա այլընտրանք: «Ակնհայտ է, որ և՛ ոստիկանությունում, և՛ ԱԱԾ-ում աշխատում է պրոֆեսիոնալների շատ մեծ բանակ, բայց ակնհայտ է, որ երկու համակարգերն էլ ունեն լրջագույն փոփոխությունների կարիք»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն անդրադարձել է արժույթների տատանումներին: Նա ասել է, որ ռուսական ռուբլու արժեզրկումը պայմանավորված է նաև նավթի գնի տատանմամբ: Իսկ այդ ֆոնին գլխավոր դրամատունն ունի բավականին բարձր պահուստներ և բազմաշերտ գործիքակազմ` արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից ապահովելու, հանգիստ վիճակում պահելու համար, վստահեցրել է Ստեփանյանը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ մոտակա ամիսներին գնաճը մնալու է ցածր մակարդակի վրա:
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում բավական բուռն է անցել Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը: Համահեղինակ Արթուր Դավթյանը առաջարկում է, որ դատավոր դառնալու պահանջ համարվի նաև բարձրագույն իրավաբանական կրթությունն ու 15 տարվա աշխատանքային ստաժը: Նշենք, որ կորոնավիրուսով պայմանավորված, նիստին, առանց լրագրողների ներկայության, քննարկվել են միայն ամենահրատապ հարցերը: Լրատվամիջոցները նիստին հետևել են ուղիղ հեռարձակմամբ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv