Ոչ քաղաքական հարթակները քաղաքական նպատակներով օգտագործելու ադրբեջանցիների գործելաոճը չի փոխվում: Այս անգամ էլ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներն են փորձել օգտագործել իրենց օրակարգն առաջ տանելու համար: Բոլոր փորձերը կանխվել են Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալի` Վահե Էնֆիաջյանի ջանքերով: ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցրել է ադրբեջանցիներին՝ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, և նրանց չի հաջողվի խեղաթյուրել պատմական փաստերը:
Աղմկոտ հրաժարականների շքերթը շարունակվում է: Երեկվանից մամուլում ակտիվորեն քննարկվող տեղեկությունը պաշտոնապես հաստատվեց: Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հրաժարական է ներկայացրել: Նախագահ Արմեն Սարգսյանը, ստանալով վարչապետի առաջարկը, օրվա երկրորդ կեսին, ստորագրել է Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը: Արդեն նախկին ոստիկանապետը գործընկերներին հրաժեշտ է տվել կոլեգիայի նիստում: Թավշյա հեղափոխությունից հետո պաշտոնի եկած Վալերիյ Օսիպյանը հրաժարականի պատճառների մասին նախընտրել է առայժմ չխոսել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական:
«Սանիթեք»-ի աշխատակիցները քաղաքապետարանի մոտ նորից բողոքի ակցիա են իրականացրել: Կրքերն այնքան են բորբոքվել, որ ցույցի մասնակիցներն անակնկալ վազել են փողոց, փորձել ճանապարհ փակել: Ոստիկանությունը ուժով նրանց հետ է պահել, ապա պատ կազմել, որպեսզի «Սանիթեք»-ի աշխատակիցները չկարողանան քաղաքապետարան մտնել: Միջադեպից հետո նրանց է մոտեցել քաղաքապետի մամուլի խոսնակը, ցույց տվել փոխանցումը հաստատող տեղեկանք: Հակոբ Կարապետյանն ասել է, որ քաղաքային իշխանությունը քայլեր է ձեռնարկում օգոստոս ամսվա երկրորդ կիսամյակում «Սանիթեք»-ի կատարած աշխատանքի վարձատրությունը փոխանցել հենց աշխատակիցների բանկային հաշվեհամարներին:
Պաշտոնական դիրքը չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախկին ոստիկանապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ առաջադրված մեղադրանքին Գասպարյանը լուրջ չի վերաբերվում, քանի որ այն զավեշտի աստիճանի անհիմն է:
Ուժային հաջորդ կառույցի ղեկավարը, որի պաշատոնանկության մասին ևս ակտիվորեն խոսվում է, Պաշտպանության նախարարն է: Դավիթ Տոնոյանը, սակայն, լրագրողների հետ զրույցում հերքել է տեղեկությունը, վստահեցրել՝ Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնություններ չունի: Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև Արթուր Վանեցյանի և Վալերիյ Օսիպյանի հրաժարականներին, խոսել ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության մասին: Պաշտպանության նախարարը խորհրդարան էր եկել՝ մասնակցելու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի փակ նիստին:
Հեղինակ՝ Վաչիկ Գրիգորյան
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv