Մոտ մեկուկես ամիս առաջ կառավարության որոշմամբ Նորքի այգիներ 180 հասցեի տարածքը հանվել է աճուրդի: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մի քանի օրից կավարտվի, սակայն միայն այսօր է վաճառելու մասին որոշումն աղմուկ բարձրացրել: «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության նախագահ Վահագն Վարագյանը ՖԲ-ի իր էջում գրել է, որ կառավարությունը վաճառում է այգիների տարածքը, ինչի հետևանքով քաղաքացին կմոռանա թթվածին շնչելու մասին: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն էլ ասում է՝ Նորքի այգիները պարզապես փողոցի անվանում է, այնտեղ այգի չկա: Աղմուկի հետքերով Նորքի այգիներ 180 հասցե է հասել «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը:
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն դատարան: Այն կունենա առնվազն 25 դատավոր, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը: Ի թիվս այլ փոփոխությունների, նախագծով առաջարկվում է բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել նաև դատախազների թեկնածուների համար:
ԳԱԱ պատմության ինստիտուտը պատրաստվում է դիմել ԱԱԾ-ին՝ հայոց պատմություն առարկայի նոր չափորոշիչների վերաբերյալ: Պատմաբանների պնդմամբ՝ ԿԳՄՍ նախարարության չափորոշիչները լրամշակող փորձագիտական թիմն ու իշխանական պատգամավորները գաղտնի գործակցել են թուրքերի հետ: Արդյունքում կազմվել է «Պատմության ուսուցումը Թուրքիայի, Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությունը: Ըստ պատմաբանների՝ այդ աշխատության մեջ մշակված են միասնական չափորոշիչներ, որոնցով պետք է առաջնորդվել Հայաստանում և Թուրքիայում պատմության դասագրքեր կազմելիս:
Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների վերաբերյալ իր խորը մտահոգությունն է հայտնել Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհուրդը: Ֆակուլտետն իր անվստահությունն է հայտնում աշխատանքային խմբին, անվերապահ մերժում ծրագրերը, հիմնավոր պատճառաբանություններ ներկայացնում:
Օգոստոսի 3-ին ամբողջ աշխարհի եզդիները նշում են իրենց դեմ իրագործած ցեղասպանության տարելիցը: 2014 թվականին այս օրը «Իսլամական պետության» ահաբեկիչները հարձակվեցին Իրաքի հյուսիսային եզդիաբնակ Սինջար քաղաքի վրա՝ հետևողականորեն կոտորելով տեղի բնակչությանը: Այսօր Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները Երևանի Օղակաձև այգում տեղադրված հուշարձանի մոտ ոգեկոչել են ոճրագործության զոհերի հիշատակը: Նրանք նաև դիմել են տարածաշրջանի ժողովուրդներին ու միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով միավորվել ու դատապարտել ցեղասպանությունները՝ հետագայում դրանց կրկնությունը բացառելու համար:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv