Արդեն 5-րդ օրը շարունակվող Ազգային ժողովի նիստն այսօր սկսվել է մի շարք նախագծերի քվեարկությամբ: Օրենսդիրը գրեթե միաձայն ընդունել է քննարկված բոլոր նախագծերը, այդ թվում՝«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Հարկային օրենսգրքում» լրացում կատարելու, «Պատգամավորի գործունեության երաշխիքների», նաև «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է նաև Մարտի 1-ի իրադարձություններից տուժած անձանց աջակցելու վերաբերյալ նախագիծը: Պատգամավորներն այսօր շարունակել են Կենտրոնական բանկի գործունեության մասին հաղորդման քննարկումը, լսել նաև Մարդու իրավունքների պաշտպանին:
Հունիսի 7-ից հուլիսի 7-ը Ֆրանսիայում կկայանա կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի 24 ուժեղագույն հավաքական: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթն այսօր ներկայացրել է, թե իր երկիրն ինչպես է պատրաստվում կարևոր ստուգատեսին: Նա նշել է, որ Ֆրանսիան հանձնառություն է ստանձնել խթանել կանանց ներգրավվածությունը սպորտում և մասնավորապես` ֆուտբոլում: Դեսպանի խոսքով՝ այս ուղղությամբ կլինի նաև հայ-ֆրանսիական գործակցություն:
Ռումինիայի Գլաց քաղաքից Երևան է վերադարձել բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը, որը նվաճել էր մեկ արծաթե մեդալ: Հայաստանի հավաքականի կազմում պատվո հարթակ էր բարձրացել Նորք-Մարաշի և Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան, գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը:
Աշխատանքն է սկսել 2016 թվականի ապրիլի պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովը: Ուսումնասիրվելու է զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կանոնների կատարումը, զորքերի համալրումն ու հետախուզական գործունեությունը: Հանձնաժողովը նաև ուսումնասիրելու է, թե որքանով էին համարժեք և օպերատիվ հրամանատարական որոշումները: 11 հոգանոց հանձնաժողովում ներգրավված են խորհրդարանական երեք խմբակցությունների անդամները, այն գլխավորում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Հայկական 2-րդ հանրապետությունում հունիսը մեկնարկել է ֆուտբոլային հրավառությամբ: Այս օրերին արցախցիները մի շարք ուշագրավ խաղեր դիտելու հնարավորություն են ստացել: Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի՝ Կոնիֆայի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է բաց դռներով և ամուր դարպասով:
Ստամբուլից ապրանք ներկրող ավելի քան 40 առևտրականներ մտահոգված են իրենց բեռների ճակատագրով: Արդեն երկու շաբաթ է ապրանքը գտնվում է Բագրատաշենի մաքսակետում և որևէ տեղեկություն չունեն՝ գործ հարուցվել է, թե ոչ: Առևտրականները նշել են, որ ընդունում են իրենց սխալը և պատրաստ են տույժ վճարել, միայն թե որքան հնարավոր է շուտ ստանան իրենց ապրանքը, այլապես մեծ վնասներ են կրում: Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած դեպքին անցած շաբաթ անդրադարձել էր ԱԱԾ տնօրենը: Արթուր Վանեցյանի խոսքով՝ քաղաքացիները մաքսային ծառայության որոշ աշխատակիցների հետ պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ գումարի դիմաց մեծ քանակությամբ ապրանք ներմուծելու համար։
Երևանի Կոմիտաս 15 հասցեում քաղաքապետարանն ապօրինի շինություն է ապամոնտաժել: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ու քաղաքապետարանի ներկայացուցիչները նշել են,որ տնտեսվարողն ապամոնտաժվող հատվածը զավթել է ապօրինի: Վերջինն իրեն պատկանող հինգ մետրանոց տարածքից անցել է ու կառուցապատել ևս երեքը՝ հասնելով մայթին: Տնտեսվարող ընկերությունը, սակայն, անընդունելի է համարում քաղաքային իշխանության որոշումը, պնդելով՝ ապամոնտաժման գործողություններն անօրինական են: