Խորհրդարանի բակում բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ տրանսգենդերների: Նրանք պահանջել են, որ շենք մտնի հոգեւորականը, խնկարկի և օրհնի Աժ-ի դահլիճն ու ամբիոնը, որտեղից օրեր առաջ ելույթ է ունեցել տրանսգենդերը: Ցուցարարների հետ հանդիպել են ԲՀԿ խմբակցության պատգամավորները, ասել, որ իրենք ժողովրդի կողքին են եւ չեն հանդուրժելու ավելորդ «եվրոպամոլությունը»: Այնուհետեւ նրանց հետ հանդիպել են «Իմ քայլի» պատգամավորներն ու ԱԺ փոխնախագահը: Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ տրանսգենդերին խորհրդարան է հրավիրել Նաիրա Զոհրաբյանը: Դրան հաջորդել է Զոհրաբյանի կոշտ արձագանը: Պատգամավորը ֆեյսբուքի ուղիղ եթերում ընդգծել է, որ դա լկտի և անամոթ սուտ է՝ պահանջելով Ալեն Սիմոնյանից կա՛մ հրապարակել իր կողմից հայտարարված հրավերը, կա՛մ ներողություն խնդրել:
ԱԺ-ն այսօր օրակարգի երեք հարցով արտահերթ նիստ է գումարել: Դրանցից մեկը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է, որով առաջարկվում է փոխել բնական սեղմված գազի հարկման մեխանիզմը: 1000 խմ գազի համար 25 հազար դրամ ակցիզային հարկի փոխարեն առաջարկվում է 1 տոննա նույն գազի համար սահմանել 34 հազար դրամ ակցիզային հարկ: Խորհրդարանը քննարկել է նաև «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, համաձայն որի Հայաստանում ապրիլի վերջին շաբաթը նշվելու է որպես Քաղաքացու օր: Օրակարգի թեման մի պահ շեղվել է, երբ ամբիոնին է մոտեցել «Իմ քայլից» Մարիա Կարապետյանը: Նա անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված լսումներին և մեղադրանքներ հնչեցրել Նաիրա Զոհրաբյանի հասցեին: Նրան հակադարձել են ԲՀԿ-ական պատգամավորները: Ստրասբուրգում գտնվող Զոհրաբյան էլ Կարապետյանի յուրաքանչյուր բառը սուտ և ապատեղեկատվություն է որակել:
Հայաստանն ու Ռուսաստանը մարդասիրական օգնություն են ուղարկել ջրհեղեղից տուժած Իրանի Իսլամական Հանրապետությանը: Երկու երկրների արտակարգ իրավիճակների նախարարությունների համատեղ ուժերով Իրանին տրամադրված մարդասիրական օգնությունն արդեն ճանապարհին է: Հիշեցնենք, հարևան երկրին վերջերս պատուհասած ջրհեղեղի հետևանքով վիրավորվել էր 700 մարդ, զոհվել 70-ը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում պատասխանել է լրագրողների բազմաթիվ հարցերին, անդրադարձել վերջին շրջանում երկրի արտաքին և ներքին օրակարգի գլխավոր թեմաներին, քաղաքական իրադարձություններին, հանրության շրջանում բուռն քննարկման արժանացած խնդիրներին: ԲՀԿ ղեկավարը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Վիեննայում կայացած հանդիպման մասին, նշել է, որ մի շարք հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար ԲՀԿ խմբակցությունը վարչապետին հրավիրել է փակ հանդիպման:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը սկսել է գարնանային նստաշրջանը, որը կտևի մինչև ապրիլի 12-ը: Նստաշրջանի ընթացքում ապրիլի 11-ին ելույթ կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչև այդ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ բարձր ամբիոնից խոսել է Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի մասին, ում ադրբեջանական դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման: «Կարենի հանդեպ տեղի ունեցածը ցինիկ մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին և պայմանավորված է բացառապես նրա հայ լինելով»,-հայտարարել է Զոհրաբյանը: Պատգամավորը միջազգային իրավապաշտպան կառույցներին կոչ է արել անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար:
Դատարանն այսօր որոշել է երկու ամսով կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրենին: Կալանավայր տեղափոխվելուց առաջ Դավիթ Ղազարյանը լրագրողներին ասել է, որ չի ընդունում մեղադրանքը և կրկնակի փորձաքննության դեպքում պատրաստ է կատարել բացահայտվող հարկային պարտավորությունը: Դատարանը մերժել է նաև գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը: Այդ ընթացքում կրկին բողոքի ակցիա են անցկացրել «Սպայկայի» աշխատակիցները, պահանջել վարչապետի հետ հանդիպում: Ցուցարարները շրջափակել են Ղազարյանին տեղափոխող մեքենան ու ոստիկանների հետ քաշքշուք սկսել: Միջադեպի պատճառով մեկ ոստիկան վիրավորվել է:
Սանավիացիան Հայաստանում այսուհետև հասանելի է: Հիվանդները բուժհաստատություն կտեղափոխվեն ուղղաթիռով: Սահմանված 6 դեպքերում ծառայությունը կմատուցվի անվճար` պետպատվերի շրջանակում: Ուղղաթիռում հնարավոր կլինի պահպանել հիվանդի կենսագործունեությունը և նրան հիվանդանոց հասցնել 4 անգամ ավելի արագ, քան մեքենայով:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv