Առավոտյան՝ ժամը 07:18-ին, ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն: Ավելի ուշ պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային շենքում:Դեպքի վայր են ժամանել ոչ միայն մեծ թվով փրկարարներ, այլև վարչապետը՝ արտակարգ իրավիճակների նախարարի հետ: Ըստ նախնական տվյալների՝ փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։ Երկու հոգի տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոց: Նրանցից մեկը կին է,մյուսը՝ տղամարդ: Կնոջ առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, տղամարդունը՝ ծայրահեղ ծանր: Ըստ նախնական տվյալների՝ մասնակի փլուզվել է շքամուտքում գտնվող 12 բնակարան: Երևանի քաղաքապետը հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով: