Ազգային ժողովն այսօրվա նիստում քվեարկության է դրել նախօրեին քննարկված օրենքի նախագծերը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի հեղինակած « Տոների և հիշատակի օրերի մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Նախագծով առաջարկվում է ապրիլի 16-ը հռչակել Հայ կինոյի օր։ Նշենք, որ Կառավարությունը նախագծին բացասական եզրակացություն էր տվել: Քվեարկություններից հետո Խորհրդարանը շարունակել է ՀՀ Գլխավոր դատախազության 2018 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկումը: Պատգամավորները հարցեր են ուղղել Արթուր Դավթյանին, այնուհետև հանդես եկել ելույթներով:
Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության մոտ 90 տոկոսը շահագործման համար բարեկարգ վիճակ չունի: Այսօր քաղաքապետն ասել է, որ քաղաքային բյուջեն բավարար ռեսուրս չունի վերելակները բարեկարգելու համար, և պետք է օժանդակեն նաև բնակիչները: Երեկ երեկոյան էլ 16-րդ թաղամասի 24-րդ շենքի վերելակի չորս ճոպաններից մեկը պոկվել էր, ու վերելակն ընկել էր: Չորս ուղևորներից ոչ մեկը չէր տուժել: Ընկած վերելակի հետքերով գնացել է Աիդա Կարապետյանը:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհդարանում՝ լրագրողների հետ շփման ընթացքում, նախընտրել է չպատասխանել այն հարցին, թե ի վերջո, ովքեր էին հեղափոխությունից առաջ «ճամպրուկներով մտնում Բաղրամյան 26»: Արթուր Դավթյանն անդրադարձել է Քոչարյանի գործին, ասել, որ այսուհետև դատախազությունը լիազորություն չունի խափանման միջոցի հարցը բողոքարկելու դեպքում, կարող է ընդամնեը կարծիք հայտնել: Խոսելով Դավիթ Սանասարյանի գործից՝ գլխավոր դատախազը նկատել է, որ օրենքով նրա գործը չի կարող տեղափոխվել ՀՔԾ:
Այսօր տեղի ունեցած գործադիր մարմնի հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է կառավարության մեկամյա գործունեությունը և ներկայացրել անելիքները: Վարչապետը հայտնել է, որ իր տարեվերջյան ասուլիսում ևս պետք է 100 փաստ հրապարակի նոր Հայաստանի մասին: «Մենք ոչ թե կսպասենք մինչև դեկտեմբեր, որպեսզի տարվա վերջին հավաքենք փաստերը և հրապարակենք, այլ այդ փաստերի հավաքագրումը, ստեղծումը կլինի մեր ամենօրյա աշխատանքի հիմնական իմաստը, և ես նաև ըստ այդմ կգնահատեմ մեր կառավարության անդամների աշխատանքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Իսկ այսօրվա նիստում գործադիրը որոշել է՝ բնությանը հասցված վնասի դիմաց քրեական պատասխանատվությունը կխստացվի: Վերացման եզրին գտնվող կովկասյան ընձառյուծի որսի կամ ոչնչացման համար վնասի գինը 3 միլիոն դրամից կդառնա 100 միլիոն դրամ:
Կառավարության նիստին զուգահեռ՝ դրսում բողոքի հերթական ակցիան են իրականացրել «Ահազանգ» նախաձեռնության անդամները: Նրանք պահանջել են Ազգային ժողովից հետ կանչել Հարկային նոր օրենսգրքի փաթեթը, որով անցում է կատարվում եկամտային հարկի համահարթ տոկոսադրույքին: Նախաձեռնության անդամները պնդել են, որ այդ փոփոխությունները հասարակության անդամներին ավելի կբևեռացնեն: «Համահարթեցում չի լինելու» վանկարկումներով ակցիայի մասնակիցները պահանջել են կառավարության ներկայացուցչին՝ նրան փոխանցելու վարչապետին ուղղված նամակը: Հիշեցնենք, օրեր առաջ հերթական ակցիայի ընթացքում «Ահազանգ»-ի անդամները հավեր էին տարել խորհրդարանի բակ, որով իրենց բողոքն էին արտահայտում՝ ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման՝ պահանջելով իրենց հավի տեղ չդնել:
Քննչական կոմիտեում ավարտվել է 2018թ-ի ապրիլի 16-ին Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում, ապրիլի 23-ին Նորագավիթ թաղամասում տեղի ունեցած միջադեպերի, ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի՝ 11 մեղադրյալի մասով նախաքննությունը: Պարզվել են միջադեպերի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց մի մասի շրջանակը: Տուժող է ճանաչվել 16 անձ և Հայանիստ համայնքը, 11 անձի մեղադրանք է առաջադրվել։
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv