Items filtered by date: Ուրբաթ, 18 Հունվարի 2019
Ուրբաթ, 18 Հունվարի 2019 20:30

Անցուդարձ 18.01.2019

Published in Անցուդարձ

Հայաստանի երկրորդ նախագահի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Դատավոր Արթուր Մկրտչյանը քննել է նաև երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Այն մերժվել է:

2019 թվականին զինված ուժերի զինծառայողներին տրամադրվելու է սննդամթերքի ավելի լայն տեսականի: Ինչպես նախկինում, այս տարի էլ այն լինելու է բարձր որակի: Սննդամթերքի որոշ տեսակներ արդեն իսկ հատկացվում են, մյուս մասն էլ տրամադրվելու է առաջիկայում: Այս տարվանից կտրուկ բարձրացել է նաև զինվորներին տրամադրվող հագուստի որակը: Գույները մի փոքր մգացել են, կտորը՝ հատուկ փորձաքննություն անցել:

Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք պահանջել են վաղաժամկետ կիրառել և ազատ արձակել 22 տարի անազատության մեջ գտնվող Արմեն Տեր Սահակյանին: Դատապարտյալի որդին նշել է, որ ցանկանում են հանդիպել վարչապետի հետ և մեծ ակնկալիքներ ունեն Նիկոլ Փաշինյանից: Նա նաև տեղեկացրել է , որ հայրը հունվարի 21-ին անժամկետ հացադուլ է հայտարարելու՝ գործը վերանայելու և ներում շնորհելու պահանջով:

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվել է Մանվել Գրիգորյանի գործի քննությունը: Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել` պահանջելով գրավի դիմաց ազատ արձակված Գրիգորյանի խափանման միջոցը փոխել եւ կալանավորել: Քննվել եւ մերժվել է Գրիգորյանի պաշտպանների` նիստը նախագահող դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը: Գրիգորյանի պաշտպանն ասել է` արդարադատությունը հին է համարում, կարծում է` ամեն գնով փորձ է արվում Մանվել Գրիգորյանին պահել կալանքի տակ: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակվի հունվարի 22-ին:

Հնգօրյա քննարկումներից հետո Ազգային ժողովն այսօր ընտրել է տասնմեկ մշտական հանձնաժողովների նախագահներին: Ըստ այդմ՝ 11 հանձնաժողովներից 8-ը կղեկավարեն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, երկու նորաստեղծ հանձնաժողովների նախագահներն են Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, մեկ հանձնաժողով էլ կգլխավորի Մանե Թանդիլյանը: Անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխություններին, որի նախագիծը պետք է ներկայացվեր խորհրդարան, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ նախագծի համար դեռ վերջնական որոշում չկա: Իսկ Օրակարգի հաջորդ հարցը վերաբերելու է կառավարության ծրագրին հավանություն տալուն:

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նախկին հրամանատարը հիմա մեղադրվում է քրեական օրենսգրքի 4 տարբեր հոդվածներով: Նախաքննությունը պարզել է, որ Երանոսյանը զորամասի զինծառայողներին պարտադրել է պետական ծրագրով հասանելիք սոցփաթեթի պայմանագիրը կնքել իր մատնանշած ընկերությունների հետ: Արդյունքում՝ զորքերի մի մասին մատուցվել է նախատեսվածից ցածր գնով ծառայություն, շատերն էլ՝ առհասարակ սոցփաթեթից չեն օգտվել:

Ուրբաթ, 18 Հունվարի 2019 17:43

Արամ Հարությունյանը կկալանավորվի

Դատարանը որոշել է կալանավորել Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյան այժմ հետախուզվում է: Նրա փաստաբանն ասել է, որ Հարությունյանը Հայաստանում է և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Հիշեցնենք, ըստ մեղադրանքի, նախկին նախարար ու պատգամավոր Արամ Հարությունյանը հանքի շահագործման համար լիցենզիա տրամադրելիս պահանջել ու ստացել է 14 մլն դոլար: Նրա պաշտպանը հաստատել է տեղեկությունը, որ Հարությունյանը փորձել է հեռանալ Հայաստանից, սակայն անցակետերում արգելել են նրա ելքը երկրից:

«Նոր Հայաստանում ոչ թե գործազրկություն և արտագաղթ պետք է լինի, այլ ներգաղթ և աշխատատեղեր», - այսօր խորհրդարանում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «ԲՀԿ-ն կենտրոնամետ ուժ է, որի ցանկությունն է, որ երկրում տեղի ունենա տնտեսական հեղափոխություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա: ԲՀԿ ղեկավարը խոսել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ ԲՀԿ-ի հարաբերությունների մասին, շեշտել, որ քաղաքական երկու ուժերի միջև լարվածություն չկա:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։