ՄԻՊ Արման Թաթոյանը պաշտոնական նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու դեսպան Անջեյ Կասպրշիկին՝ գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով: Նամակում արձանագրված է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների կամ մարդասիրական գործընթացի շրջանակում: Նամակը վերաբերում է ինչպես զինծառայողներին, այնպես էլ քաղաքացիական անձանց: Թաթոյանը նշում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ունի ինքնավար նշանակություն և չի կարող դիտարկվել հայտարարության մյուս կետերի հետ կապի կամ կախվածության մեջ: Բացի այդ, ըստ օմբուդսմենի՝ եռակողմ հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես դրանից առաջ, այնպես էլ հետո առաջ եկած բոլոր իրավիճակների նկատմամբ: