«Պնդումը, թե Ռուսաստանը առաջարկել է Հայաստանին յոթ շրջան վերադարձնել Ադրբեջանին «հենց այնպես» և մոռանալ Ղարաբաղի կարգավիճակի մասին, չեն համապատասխանում իրականությանը»: ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ «44-օրյա պատերազմի ծագումը» վերնագրով հոդվածին: Հոդվածում ասվում է, որ կարգավորման ռուսական առաջարկները չեն շոշափել ԼՂ կարգավիճակի հարցը և սահմանափակվել են միայն յոթ շրջանների վերադարձով: Պոպովը նշում է, որ ռուսական առաջարկներ ասելով, հավանաբար, ենթադրվում է փուլային կարգավորման ծրագիրը, որի վերջին տարբերակը կողմերին է ներկայացվել 2019-ի հունիսին: Ներկայացնելով կարգավորման ռուսական փաթեթը՝ Պոպովն ասել է, որ կողմերը չեն մերժել այդ առաջարկները՝ չնայած լիարժեք համաձայնության հասնել չէր լինում:«Բանակցությունները վարվել են կանոնավոր կերպով, ընդհուպ մինչև 2018 թվականը, երբ Երևանը նոր մոտեցումներ առաջ քաշեց», - հավելել է Պոպովը: