Վերաքննիչ դատարանն այսօր քննել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին դատարանի որոշման դեմ Ծառուկյանի պաշտպանների ներկայացրած բողոքը: ԲՀԿ նախագահի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում մտահոգություն է հայտնել, որ ռազմական դրության պայմաններում մեծությամբ 2-րդ խորհրդարանական խմբակցության ղեկավարը կալանքի տակ է: Ըստ պաշտպանի՝ տիրող իրավիճակում Ծառուկյանը միայն կարող է աջակցություն ցուցաբերել:«Յուրաքանչյուր գիտակից մարդ էլ հասկանում է, թե խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավարը ինչ կարող է անել այդ առումով»,- նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ այս պայմաններում այլևս հիմք չկա ԲՀԿ նախագահին կալանքի տակ պահելու: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 7-ին: