Արմավիրում անհայտ ծագման օղու արտադրությամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողը գրանցված չի եղել: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները խանութներում ու սննդի կետերում ինքնաշեն օղու խմբաքանակ չեն հայտնաբերել: Մահացու օղու որակը պարզելու համար կատարվել է նմուշառում: Քանի դեռ փորձաքննության արդյունքները հայտնի չեն դարձել, նախաքննությունն էլ շարունակվում է, սննդի թունաբանության ոլորտի մասնագետ Դավիթ Պիպոյանը կարծիք է հայտնել, որ ալկոհոլի չգրանցված արտադրամասում գուցե տեխնիկական սպիրտ է օգտագործվել: