Օգոստոսի 3-ին ամբողջ աշխարհի եզդիները նշում են իրենց դեմ իրագործած ցեղասպանության տարելիցը: 2014 թվականին այս օրը «Իսլամական պետության» ահաբեկիչները հարձակվեցին Իրաքի հյուսիսային եզդիաբնակ Սինջար քաղաքի վրա՝ հետևողականորեն կոտորելով տեղի բնակչությանը: Այսօր Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները Երևանի Օղակաձև այգում տեղադրված հուշարձանի մոտ ոգեկոչել են ոճրագործության զոհերի հիշատակը: Նրանք նաև դիմել են տարածաշրջանի ժողովուրդներին ու միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով միավորվել ու դատապարտել ցեղասպանությունները՝ հետագայում դրանց կրկնությունը բացառելու համար: