Արայիկ Հարությունյանը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը: ԱԺ հատուկ նիստը տեղի է ունեցել Շուշիի Մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում: Միջոցառմանը ներկա են գտնվել հայկական 2 հանրապետությունների իշխանությունները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի 3-րդ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Երդման տեքստն ընթերցելուց հետո նորընտիր նախագահը հանդես է եկել ելույթով, հայտարարել, որ ցանկություն ունի խորհրդարանը Ստեփանակերտից տեղափոխել Շուշի: «Արցախը Հայաստան է, և վերջ»,-այս բառերով է խոսքը եզրափակել Արայիկ Հարությունյանը: