ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն արձագանքել է վարչապետի այսօրվա հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանին տալով 20 օր ժամանակ փաստեր ներկայացնելու համար: «Իշխանությանը ծառայություններ առաջարկելու վերաբերյալ» վարչապետի հայտարարությունը Թովմասյանը համարել է շինծու և իրականությանը չհամապատասխանող: ՍԴ նախագահն ասել է, որ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո նրա հետ հեռախոսով խոսել է ընդամենը երկու անգամ: «Մեկ անգամ նա ինձ խնդրել է Սահմանադրական դատարանի քննության առարկա միջազգային պայմանագրով քննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ դա անհրաժեշտ է Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման համար:Երկրորդ անգամ հեռախոսազանգը եղել է իմ նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Անդրեաս Ֆոսկեուլեի Հայաստան այցելության շրջանակներում իր հետ հանդիպում կազմակերպելու առնչությամբ»,-նշել է Հրայր Թովմասյանը՝ ավելացնելով, որ երբեք առերես որևէ հանդիպում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որը եղել է տեսախցիկների տեսադաշտից դուրս: