Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնել օրենքով տրված լիազորությունների շրջանակներում քննարկել և պարզել մայրաքաղաքին վերաբերող հասարակական հետաքրքրություն ունեցող հարցեր, այդ թվում՝ քաղաքապետարանին արված նվիրատվությունների հարցը: Ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները, սակայն, համաձայն չեն իշխող ուժի գործընկերների պնդմանը, թե այն լիազորությունները, որոնք պետք է իրականացնի խորհրդարանը քննիչ հանձնաժողովի միջոցով, արդեն հատկացվել են ավագանուն: Նրանք հակադարձում են՝ չունեն այն լիազորությունները, որով օժտված են պատգամավորները: