Պաշտոնական այցով մեր երկրում հյուրընկալված Ռուսաստանի արտգործնախարարի օրակարգն այսօր հագեցած էր: Սերգեյ Լավրովը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարները նաև քննարկում են ունեցել Արցախի հիմնախնդրի շուրջ: «Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Լավրովը: Հակամարտության կարգավորման սկզբունքներին անդրադառնալիս Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ դժվար է չհամաձայնել Հայաստանի վարչապետի հայտարարության հետ, որ այդ հարցում անհրաժեշտ է հաշվի առնել և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների ցանկությունը: