Ռմբակոծված սիրիական երկու շրջանների՝ Ղամիշլիի ու Թել Աբյադի հայերը տարհանվել են ապահով տարածք: Զոհերի ու վիրավորների մեջ հայեր չկան: Սիրիայում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ Դամասկոսի և Հալեպի հայ առաջնորդարանների հետ համատեղ մշակվում են հնարավոր քայլեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և ըստ անհրաժեշտության առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ: Ներկա դրությամբ մեր հայրենակիցների անհապաղ տարհանման խնդիր դրված չէ: Սիրիահայ ընտանիքներին աջակցելու համար Սիրիա մեկնելու պատրաստակամություն են հայտնել նաև Հայաստանի խորհրդարանի պատգամավորները: «Բարգավաճ Հայաստան»-ը խստորեն դատապարտել է Թուրքիայի ռազմական ներթափանցումը Սիրիա՝ հայտարարելով, որ միջազգային հանրությունն ու կառույցները պետք է գործադրեն բոլոր ջանքերը ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ: