«Եվրամիությունը կփոխանցի իր փորձը, սակայն չի պարտադրի ոչինչ, բարեփոխումների ձևաչափը կորոշի բացառապես Հայաստանը»,- հայտարարել է մեր երկրում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանն ամփոփիչ ասուլիսում կարևոր է համարել Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը: «Հայկական կողմը շատ լավ գիտի, թե ինչ է պետք անել գործընթացն արագացնելու, վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու համար: Եթե դուք չխախտեք ճամփորդությունների ժամկետները դեպի եվրոպական երկրներ, ժամանակին վերադառնաք, եթե ապաստան չհայցեք, չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժծառայությունները, ամեն ինչ կշարժվի ճիշտ ուղղությամբ»,- ասել է Սվիտալսկին: