Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել «օրենքով գող», քրեական աշխարհում Անդիկ անունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության վերաբերյալ: Հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին: Ոստիկանները պարզել են, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածից և որ հրազենի գործադրմամբ սպանությունը տեղի է ունեցել Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում: Դեպքի վայրից հայտնաբերվել են ատրճանակի պարկուճներ, փամփուշտ, արնանման հետքեր, սպորտային պայուսակ, որը, նախնական տվյալներով, հանցագործությունը կատարած անձինն է։ Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Համացանցում են հայտնվել նաև Օրենքով գող Անդիկի վրա կրակելու կադրերը, որոնք ներկայացնում ենք առանց մեկնաբանության: