Թբիլիսիում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին, որը նախագահում է ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, վիճաբանություն է տեղի ունեցել: Ռուս պատգամավորների ներկայությունը Վրաստանի խորհրդարանում միանշանակ չի ընդունվել: Նախ ռուսական պատվիրակությանը Թբիլիսիում բողոքի ցույցով են դիմավորել ակտիվիստները, վանկարկելով, թե Ռուսաստանն օկուպանտ է: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովն, ի նշան բողոքի, լքել է դահլիճը: Վեհաժողովին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ: Խորհրդարանում տեղի ունեցած վիճաբանությունից հետո հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը: Վեհաժողովի աշխատանքները խափանվել են: Վրացի ցուցարարներն արդեն մի քանի ժամ է, ինչ շրջափակել են այն հյուրանոցը, որտեղ տեղակայված են պատվիրակության անդամները: Նրանց և ոստիկանների միջև տեղի է ունեցել քաշքշքուկ: