Ազգային ժողովն այսօր շարունակել է անցած տարվա բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումը: Ձայների 94 կողմ, 17 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանը հավանություն է տվել նախագծին: Մինչև քվեարկությունն ամփոփիչ ելույթ է ունեցել վարչապետը: Նիկոլ Փաշինյանը 2018 թ.-ը բյուջետային առումով համաշխարհային պատմության մեջ համարել է աննախադեպ տարի՝ նշելով, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո կառավարության աշխատանքն, այլ կերպ ,քան փայլուն, ուղղակի հնարավոր չէ գնահատել: Վարչապետի խոսքով՝ այս տարվա առաջին եռամսյակում ունենք 7,1 տոկոս տնտեսական աճ, որն ամենաբարձր ցուցանիշն է ԵԱՏՄ տարածքում: Փաշինյանն անդրադարձել է նաև դատաիրավական բարեփոխումներին՝ ընդգծելով, որ հնարավոր չէ ունենալ անկախ դատական համակարգ՝ առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու: Այնուհետև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելութ է ունեցել Գևորգ Պետրոյանը և հայտնել, որ որևէ հիմք չկա կողմ քվեարկելու բյուջեի կատարմանը: «Կա ապրանքների թանկացում, արտագաղթը չի նվազել, զբաղվածության հարցը շարունակում է մնալ անհանգստացնող, սոցիալական խնդիրները չունեն տեսանելի առաջընթաց, պատերազմի սպառնալիքին զուգահեռ՝ Հայաստան-Արցախ մշուշը թանձրանում է: Ինչո՞վ է բյուջեի կատարողականը դրական»,- հայտարարել է Գևորգ Պետրոսյանը: