Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը: Առաջին նիստի ժամանակ Երանոսյանի պաշտպանը միջնորդել է որպես վկա դատարան հրավիրել և հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախկին փոխոստիկանապետ, այժմ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Մեղադրող դատախազը առարկել է՝ նշելով, որ միջնորդությունը ենթակա է մերժման: Դատարանը որոշել է հետաձգել միջնորդության քննարկումը և դրան անդրադառնալ դատաքննության մյուս փուլերում: Նախկին փոխոստիկանապետը մեղադրվում է 2018թ-ի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում զանգվածային ցույցերի ժամանակ առանց դրա իրավասությունն ունենալու հատուկ միջոցներ, մասնավորապես, «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ կիրառելու համար: Լևոն Երոնոսյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, փոխարենը նրա պաշտպանը Երանոսյանի անունից քրեական գործի վերաբերյալ հայտարարություն է բաժանել: