Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատի մարզում մասնակցել է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային համաժողովին: Միջոցառմանը ներկա են եղել մի քանի տասնյակ սկսնակ գործարարներ, որոնք 16 ներդրումային առաջարկ են ներկայացրել: Իսկ ահա մարզի՝ արդեն կայացած ձեռնարկատերերը պատմել են իրենց հաջողությունների մասին: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության հիմնական խնդիրը ոչ թե մարդկանց ղեկավարելն է, այլ քաջալերելը: «Կառավարության ուղերձը քաղաքացիներին հետևյալն է. դուք ուժեղ եք և դուք կարող եք, դուք կարող եք զարգացնել և իրացնել ձեր ստեղծարար հմտությունները: Կառավարության հիմնական խնդիրն է քաջալերել ձեր բոլոր նախաձեռնությունները, և մենք այսօր ամենօրյա ռեժիմով հենց այս խնդիրն ենք լուծում»,-ընդգծել է վարչապետը: Նա նաև հայտնել է, որ մայիսի 8-ին հանդես է գալու մեծ ասուլիսով և կետ առ կետ ներկայացնելու է այն բոլոր փոփոխությունները, որոնք իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել Հայաստանում: Համաժողովին ներկա են եղել նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Նրանք պատասխանել են լրագրողների հարցերին: